4 օգոստոս, 2020 11:48

Օմբուդսմենը դիրքորոշում է հայտնել բուհերի ընդունելության բողոքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք:

Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը:

Դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել մի քանի եզրահանգումներ: