5 օգոստոս, 2020 10:35

Արցախում առցանց խաղատներն ու տոտալիզատորներն արգելափակելու որոշումը խնդրահարույց է 

Հուլիսի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշում է կայացրել Արցախի տարածքում արգելափակել առցանց խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, առցանց վիճակախաղերը և տոտալիզատորները: Հարությունյանն այդ որոշումը հիմնավորելիս մասնավորապես նշեց. 

«Կարծում եմ, որ որոշումն արդարացված է, քանի որ մեր հայրենակիցներից շատերը շարունակում են խաղալ ինտերնետով՝ հաճախ տանուլ տալով ամսական աշխատավարձը, նույնիսկ ավելի: Դա իր հերթին հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման, ինչը ընտանիքներում անցանկալի սոցիալական խնդիրների է հանգեցնում՝ ներառելով ամուսնալուծությունները և ինքնասպանության փորձերը»: 

Արայիկ Հարությունյանի ուղիղ եթերից հետո ֆեյսբուքի արցախյան հատվածում ակտիվ քննարկումներ սկսվեցին այդ որոշման վերաբերյալ: Տեղի ունեցավ նաև հեռուստաբանավեճ: Իշխանական ճամբարի ներկայացուցիչները խնդիրը ներկայացնում են որպես ազգային անվտանգության սպառնալիք և պարզաբանում իրենց որոշումը որպես հանրային շահը պաշտպանելու փորձ: Նրանք նշում են, որ հազարավոր մարդիկ Արցախում տուժում են առցանց տոտալիզատորներից ու խաղատներից. քանդվում են ընտանիքներ, կատարվում են ինքնասպանություններ ու երկրից միլիարդավոր չհարկվող դրամներ են դուրս գալիս: 

Վստահելի պաշտոնական վիճակագրություն ներկայացնելու հորդորներին իշխանական գործիչները պատասխանում են, որ Արցախը փոքր երկիր է, բոլորը առանց վիճակագրության էլ ամեն ինչ տեսնում են: 

Այս որոշումը, ինչպես նաև տարիներ առաջ Արցախում ընդունված օրենքը, որով երկրի տարածքում արգելվել է խաղատների և տոտալիզատորների գործունեությունը, իր բնույթով պոպուլիստական է, անարդյունավետ ու  խնդրահարույց: 

Առաջին հերթին պետք է նշել, որ նմանատիպ որոշումները ոչ միայն լուծում չեն տալիս գոյություն ունեցող խնդիրներին, այլև բարդացնում են դրանք: Արայիկ Հարությունյանը իր ուղիղ եթերի ընթացքում հպարտությամբ նշում էր, որ խաղատների և տոտալիզատորների գործունեությունը Արցախի տարածքում արգելող օրենքը ժամանակին ինքն էր հեղինակել, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էր: 

Այս օրերին իշխող ուժի ներկայացուցիչների փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես է այդ արգելքը միայն ավելացրել գոյություն ունեցող խնդիրները: Նրանք, մասնավորապես, մտահոգված են, որ միլիարդավոր դրամներ առանց հարկվելու դուրս են գալիս Արցախից: Բերվում է նաև այն փաստարկը, որ ինտերնետ շահումով խաղերին հաճախ հնարավորություն են ստանում մասնակցել նաև անչափահասներ՝ օգտագործելով ծնողների հաշիվները: 

Անցանկալի այս երևույթները հնարավոր կլիներ նվազագույնի հասցնել, եթե ժամանակին Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ արցախյան խաղատները և տոտալիզատորները չփակվեին: Այդ անհեռատես որոշումը ոչ միայն չի լուծել խաղամոլության հարցն Արցախում, այլև պետությանը զրկել է վերահսկողական կարևոր գործառույթ իրականացնելու հնարավորությունից և նպաստել է ֆինանսական հսկայական միջոցների արտահոսքին հանրապետության տարածքից: 

Պատերնալիստական որոշում

Առցանց խաղատները ու տոտալիզատորները արգելափակելու որոշումը խնդրահարույց է նաև քաղաքական տեսանկյունից: Այսպիսի պատերնալիստական որոշումները նվազեցնում են անհատի ազատության մակարդակը և մեծացնում պետության առանց այդ էլ ուռճացված դերն ու ազդեցությունը հասարակության կյանքում: Ժամանակակից պետությունների ղեկավարները չեն կարող դիտարկվել որպես մեծ ընտանիքների հայրեր, որոնք իրավասու են մտնել քաղաքացիների անձնական որոշումների դաշտ և նրանց փոխարեն ընտրություն կատարել այս կամ այն հարցի վերաբերյալ: Պետության այս մոդելը զարգացած երկրներում սկսել է անհետանալ և տեղը զիջել ավելի ռացիոնալ համակարգերի 17-րդ դարից սկսած: Այս մոտեցման գլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ իշխող էլիտան հասարակության անդամներին մեծ երեխաներ է համարում, որոնք ընդունակ չեն գիտակից և պատասխանատու որոշումներ կայացնել սեփական կյանքի վերաբերյալ: 

Բացի այդ, ամեն անգամ երբ մենք ողջունում ենք ազատությունը սահմանափակող որոշումներ և օրենքներ, պետք է գիտակցենք, որ դրանով միայն քաջալերում ենք այդպիսի պահվածքը: Այսօր մեր փոխարեն որոշում են կայացրել, որ առցանց խաղադրույքներ անելը խաթարում է մեր երջանկությունը, վաղը արդեն կարող են որոշել, թե ինչպիսի սանրվածք պիտի ունենանք: Ի դեպ, Արցախում այդպիսի փորձեր տարիներ առաջ կատարվել են: 

Գոյություն ունեցող խնդիրների մեծամասնությունը ցանկության դեպքում կարելի է անվտանգայնացնել, ներկայացնել դրանք որպես սպառնալիք ազգային անվտանգությանը կամ հանրային առողջությանը և մտցնել նորանոր արգելքներ: Առցանց խաղատները և տոտալիզատորները արգելափակելուց հետո օգտագործված հիմնավորումները առանց որևէ խնդրի կարելի  է կիրառել, օրինակ, ալկոհոլային խմիչքները կամ սպառողական վարկերը արգելելու համար: Սակայն սա ճանապարհ է դեպի տոտալիտարիզմ: 

Տնտեսական ազատության ոչնչացմանը սովորաբար հետևում է քաղաքական ազատության ոչնչացումը: Այս մեխանիզմը շատ լավ նկարագրված է Ֆրիդրիխ Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկություն» (The Road to Serfdom) հանրահայտ գրքում: 

Եվ, վերջապես, բուքմեյքերական մի շարք կայքեր Արցախի տարածքում արգելափակելու որոշումը վտանգավոր է նաև համացանցի ազատությունը սահմանափակելու տեսանկյունից: Սա կարող է վատ նախադեպ դառնալ: Որևէ երաշխիք չկա, որ Արցախի իշխանությունները մի օր չեն որոշելու արգելափակել իրենց ոչ ձեռնտու լրատվական կամ այլ կայքեր` այդ որոշումը ներկայացնելով որպես հանրության պահանջ: Մանավանդ, որ Արայիկ Հարությունյան իր նախագահության առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել է արգելել հայաստանյան հեռուստաալիքներից մեկի հեռարձակումը Արցախի տարածքում: 

Կասկած չկա, որ սա պոպուլիստական ու անարդյունավետ որոշում է: Բոլոր ցանկացողները արդեն իսկ օգտվում են համապատասխան հավելվածներից և հեշտությամբ շրջանցում են արգելքը: Ավելին, դժվար է հավատալ խաղամոլության դեմ պայքարում իշխանությունների անկեղծությանը, երբ հենց նրանք էին հասարակությանը հետևողականորեն դրդում խաղաղամոլության: Ինչպես հայտնի է, Արցախի կառավարությունը, որի ղեկավարը ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանն էր, տարիներ շարունակ կազմակերպում էր «Ազգային վիճակախաղ», որին կամավոր-պարտադիր սկզբունքով մասնակցում էր երկրի բյոջետային աշխատողների մեծամասնությունը: 

Արցախում խաղամոլության հիմնական պատճառը զարգացման և ինքնադրսևորման հնարավորությունների սակավությունն է: Մարդիկ, որոնք հույս չունեն իրենց աշխատանքի, ունակությունների կամ գիտելիքների միջոցով հաջողության հասնել, փորձում են այլ ճանապարհներով հաղթահարել տնտեսական ու սոցիալական դժվարությունները: Հետևանքների դեմ պայքարի իմիտացիա անելու փոխարեն անհրաժեշտ է աշխատել խնդրի պատճառների վերացման ուղղությամբ: 

Տե՛ս նաև՝

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: