5 օգոստոս, 2020 13:28

Հեռուստամարաթոն-2020-ը՝ հայրենադարձության համար

Այս տարվա՝ 2020-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնի ամբողջ գումարը պետք է ուղղել Սփյուռքին և հայրենադարձությանը: 

Արդեն գրեթե 30 տարի Սփյուռքը Հայաստանի կողքին է, առաջին հերթին՝ Արցախի: «Հայաստան» համահայկական հիմնադրանից բացի սփյուռքյան բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ միլիոնավոր դոլարների օժանդակություն են տրամադրել, բայց հիմնադրամն է եղել հիմնական կառույցը, որով իրականացվել են բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր:

Հայաստանը այսօր շատ ավելի կազմակերպված, կենսունակ և ապագայի հանդեպ հույս ներշնչող պետություն է, քան էր 1992-ին, 2002-ին կամ 2012-ին: Թավշյա հեղափոխությունից հետո սեփական ուժերի և ապագայի հանդեպ հավատը ավելի մեծացավ: Այսօրվա Հայաստանի կարիքներն ու մարտահրավերները բոլորովին տարբեր են 1992-ից: Այսօր Հայաստանը կարողանում է էականորեն ավելացնել Արցախին տրվող միջպետական վարկը, որ, իրականում, դրամաշնորհ է: Այսօր Հայաստանը, անգամ կորոնավիրուսի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, կարողանում է իրականցնել ենթակառուցվածքային լուրջ ծրագրեր, որոնց շարքում ճանապարհաշինությունը առաջին տեղում է:

Այսօր Հայաստանը ավելի շատ կարիք ունի լավ մասնագետների, որոնք կարող են տալ սփյուռքահայության տարբեր հատվածներ: Այսօր Հայաստանը կարիք ունի մարդուժի: Իրանահայերն ու սիրիահայերը Հայաստան բերեցին յուրահատուկ համ ու հոտ, որ չէինք ունեցել նախկինում: Նոր գույներ ու երանգներ, նոր մտածողություն ու տեսլական կարող են բերել լիբանանահայերը, եգիպտահայերը և աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները: 

Հայրենադարձությունը զգացականից պետք է տեղափոխել իրատեսական՝ տնտեսական և սոցիալական դաշտ: 

Այն սփյուռքահայերը, որոնք ցանկություն, բայց ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեն տեղափոխվել Հայաստան, ներառյալ՝ Արցախ, դրա հնարավորությունը պետք է ստանան: Ահա այդ պատճառով է, որ պետք է Հեռուստամարաթոն-2020-ի գումարները ուղղել Սփյուռքին ու հայրենադարձությանը:

Սրանով մենք մի քանի համազգային խնդիր կլուծենք:

Առաջին. այս քայլով մենք ցույց կտանք, որ Հայաստանը որակապես արդեն այնքան է փոխվել ու առաջացել, որ ինքն է օգնության ձեռք մեկնում Սփյուռքին, որից միշտ ստացել է: Ստացել է ամենադժվար պահեր և առատաձեռն կերպով:

Երկրորդ. մենք ցույց կտանք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրավամբ համահայկական է և ոչ թե է ստեղծվել է բացառապես Արցախին օգնելու նպատակով:

Երրորդ. մենք հայրենդարձությունը կդնենք ինստիտուցիոնալ հիմքի վրա: Վերադարձողները կապահովվեն բնակարակով, հողով և մի քանի տարի կայուն եկամուտ ստանալով, մինչև հարմարվեն Հայաստանին ու իրենց գործն ունենան:

Չորրորդ և որ ամենակարևորն է. մենք կօգնենք այն սփյուռքահայերին, որոնց երկրները դժվար ժամանակներ են ապրում, անհուսալի վիճակում են: Հայերը ապագա չունեն Մերձավոր Արևելքի արաբական երկրներում, եթե մենք անգամ այդ մասին չենք ուզում կամ չենք ուզում գրել: 

Երբ Իրաքում պայթեց պատերազմը, Հայաստանն անպատրաստ եղավ ընդունել իրաքահայությանը: Այդ պատճառով, մենք կորցրեցինք Միջին Արևելքի բարեկեցիկ ու կենսունակ համայնքներից մեկը: Այսօր քանի՞ իրաքահայ է հաստատվել Հայաստանում: Երբ պայթեց սիրիական պատերազմը, մենք ավելի պատրաստ էինք, բայց մեծ հաշվով, այնքան էլ պատրաստ չէիք հյուընկալել ու տանիք տալ բոլոր սիրաիահայերին: 

Հիմա դժվարագույն, տխուր ու անհուսալի ժամանակներ է ապրում Լիբանանը, որ սփյուռքի շտեմարանն է և միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին: Այլևս իրավունք չունենք անպատրաստ լինել: Հենց այսօրվանից բոլոր լիբանանահայերը, որոնք ցանկություն ունեն հաստատվել հայրենիքում, այդ հնարավորությունը պետք է նրանց տրվի: Արդարացումներն ու բացատրությունները, լինեն դրանք Երևանից կամ սփյուռքյան կազմակերպություններից, ընդունելի չեն: 

Եվ ի վերջո, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը օգնում է Սփյուռքին ու հայրենադարձությանը, կրկին օգնում է Հայաստանին, քանի որ հայրենադարձությունն է նաև Հայաստանի հզորություն տվող ուժը: 

Հայաստանը վիրտուալ տարածություն չէ: Հայաստանն այն է, որտեղ կանգնած է հայ զինվորը, որտեղ հայ մարդը հող է մշակում, տուն կառուցում: 

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: