10 օգոստոս, 2020 09:28

Բելառուսում նախագահական ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ցույցերով

Բելառուսում կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններն ուղեկցվել են մարդկանց զանգվածային բողոքներով ընդդեմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության, որը երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի:

Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է ՝ ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի կինը, որը մինչև ձերբակալությունը պատրաստվում էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Պաշտոնական էքզիթ-պոլերի տվյալներով ՝ ընտրություններում հաղթել Է Լուկաշենկոն, որը հավաքել է ընտրողների ձայների 79,7 տոկոսը, իսկ Տիխանովսկայան ստացել է 6,8 տոկոս:

Ընդդիմությունը «Գոլոս» ինտերնետ-հարթակում ձայների այլընտրանքային հաշվարկ է կազմակերպել, որը ցույց է տվել ճիշտ հակառակ արդյունքը ՝ Տիխանովսկայայի օգտին է ձայների ավելի քան 80 տոկոսը:

Բելառուսի ԿԸՀ-ն, որն ավելի վաղ ընդդիմադիրներին նախազգուշացրել էր այլընտրանքային հաշվարկներ անցկացնելու անօրինականության մասին, խոստացել էր արդյունքների վերաբերյալ առաջին պաշտոնական տվյալները ներկայացնել լույս երկուշաբթի գիշերը, սակայն հետո հայտարարությունը տեղափոխել է առավոտյան:

Քվեարկության ավարտից անմիջապես հետո Մինսկի և այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել գործող իշխանության հակառակորդները: Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերաճել են բախումների և վերածվել բռնի ձերբակալությունների:

BBC-ի ռուսական ծառայությունը հավաքել է հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Բելառուսում քվեարկության օրը և դրանից հետո:

․․․

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին Բելառուսի տարածքում և նրա սահմաններից դուրս: Շատ ընտրատեղամասերում երկար հերթեր են գոյացել. դրանք, օրինակ, կարելի էր դիտել Մոսկվայում և Լոնդոնում Բելառուսի դեսպանատների մոտ, ինչպես նաև հենց Բելառուսում:

Շատերն այդպես էլ չհասցրին քվեարկել մինչև ընտրատեղամասերի փակումը երեկոյան 8-ին և շարունակում էին պահանջել իրենց քվեարկելու հնարավորություն տալ։

Բելառուսի ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան ընտրատեղամասերի երկար հերթերը որակել է բողոքական ընտրազանգվածի «սադրանք» և ասել, որ իրենց աշխատանքը չի երկարաձգվի: Այնումանայնիվ, որոշ ընտրատեղամասեր շարունակել են աշխատանքը նաև 8-ից հետո։

Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկել է ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, որից հետո ելույթ է ունեցել լրագրողների առջև և քննադատել իր հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկային, ինչպես նաև անկախ մամուլին:

«Ես այդ մարդուն գլխավոր մրցակից չեմ համարում, դա դուք եք նրան դարձրել գլխավոր մրցակից։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ չի հասկանում, թե ուր է ընկել և չի հասկանում՝ ինչ անել», - հայտարարել է նա և քննադատել իր մրցակցի ծրագիրը։

Հաղորդվում էր ինտերնետի հասանելիության սահմանափակումների մասին։ Իշխանությունները դա բացատրել են արտասահմանյան տրաֆիկի աճով և «աննախադեպ DDoS հարձակումներով»:

Քվեարկության ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, հիմնականում ՝ դիտորդներ և լրագրողներ։ Մինսկում անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ ձևով ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին։

Արդեն երեկոյան նրանք կապի են դուրս եկել, հայտնել, որ իրենց ազատ են արձակել և տեղափոխում են Սմոլենսկ: Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ լրագրողներին ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով։

Բողոքի ցույցեր

Ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո Մինսկի և այլ քաղաքների փողոցներում սկսեցին հավաքվել մարդիկ, որոնք համաձայն չէին քվեարկության առաջին արդյունքների հետ։ Իշխանությունը՝ ի դեմս Լուկաշենկոյի, դեռ կիրակի առավոտյան զգուշացրել էր, որ կոշտ կերպով կասեցնելու է ապօրինի ակցիաները։

Հենց այդպես էլ տեղի ունեցավ: Անմիջապես այն բանից հետո, երբ Մինսկի կենտրոնի տարբեր մասերում մարդիկ սկսեցին հավաքվել, ոստիկանությունը սկսեց կիրառել իր ամբողջ զինանոցը՝ ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ և այլ միջոցներ:

Դատելով դեպքի վայրից կադրերից՝ ցույցի որոշ մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել։

Տուժածների մասին պաշտոնական տվյալներ չկան, Բելառուսի առողջապահության նախարարությունը խոստացել է դրանք հնչեցնել երկուշաբթի առավոտյան, սակայն մասշտաբների մասին կարելի է դատել տասնյակ շտապ օգնության մեքենաներով, որոնք Մինսկի կենտրոն էին ժամանել բախումներից հետո:

Միաժամանակ Մինսկի կենտրոնում գրեթե ամբողջությամբ անհետացել է բջջային ինտերնետը, իսկ երկրի խոշորագույն ԶԼՄ-ների և պետական մարմինների կայքերը անհասանելի էին: Հաղորդվում էր նաև սոցիալական ցանցերին և մեսենջերներին հասանելիության խնդիրների մասին։

Այն բանից հետո, երբ ՕՄՕՆ-ի և ներքին զորքերի բախումներում հաջողվել է ցուցարարներին դուրս մղել կենտրոնից, սկսվել են կետային ձերբակալություններ: Հաղորդվում էր, որ ձերբակալել են նույնիսկ նրանց, ովքեր եղել են բակերում և կապ չեն ունեցել բողոքի ցույցերի հետ։

Բախումները շարունակվել են մի քանի ժամ և ավարտվել գիշերվա ժամը 2-ին, որից հետո Մինսկի կենտրոնը դատարկվել է: ՆԳՆ-ում խոսել են այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, թե ինչպես է հատուկ տեխնիկայի մի մասը լքում է քաղաքը։

Ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս անհայտ է: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, որը վարում է անկախ հաշվարկ, ընտրությունների օրը և դրանից հետո ձերբակալվել է ավելի քան 100 մարդ:

Ալեքսանդր Լուկաշենկոն չի ներկայացել հանրությանը և կիրակի առավոտից հետո ոչ մի հայտարարություն չի արել, երբ քվեարկել և շփվել է լրագրողների հետ: