10 օգոստոս, 2020 22:22

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական է տվել

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո։

Նախագահը խնդրել է կառավարությանը չմնալ դիտորդի դերում, քանի որ Բեյրութը ամայացրած հզոր պայթյունից հետո հասարակական վրդովմունքն աճում է:

Միշել Աունը խնդրել է վարչապետին կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը, հաղորդում է Ալ Ջազիրան:

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունը խլել է մոտ 200 մարդու կյան և վիրավորել 6000 հոգու:

Դիաբը իր հրաժարականի մասին հայտարարել է՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում, և  ասել է, որ ինքը եկել է եզրակացության, որ կոռուպցիան Լիբանանում «ավելի շատ է, քան պետությունը»: Այդ քայլը կարող է ճանապարհ բացել նոր կառավարության շուրջ ձգձգվող բանակցությունների համար ՝ բարեփոխումների հրատապ կոչերի ֆոնին։