10 օգոստոս, 2020 17:08

Ջիվան Ավետիսյանը ֆիլմ կնկարահանի Արցախում

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը 2018-ից աշխատում է «Վերածնվածը» ֆիլմի վրա, որի մի մասը պատրաստվում է նկարահանել Արցախում։ Այժմ ֆիլմը զարգացման փուլում է, և ռեժիսորը Արցախ է եկել նախապատրաստական աշխատանքները սկսելու համար։ Օգոստոսի 9-ին հանդիպում տեղի ունեցավ կամավորների հետ, որոնք կստեղծեն տեղեկատվական պահոց՝ տեղանքների, ռեկվիզիտների, հագուստի հարցերում։ Այս փուլում հիմնական աշխատանքը տեղանքների փնտրտուքն ու որոշումն է։ 

«Ես ուզում եմ, որ Արցախի մասին իմանան որպես կինոմատոգրաֆիական տարածք՝ այսպիսի լանդշաֆտով, ռելիեֆային հատվածներով, մարդկային ուժով, նաև, որ տնտեսական առումով է այսքան մատչելի»,- ասաց Ջիվան Ավետիսյանը։

Թիմը դեռ աշխատում է ֆինանսական միջոցներ գտնելու վրա։ 

«Ֆիլմը դրամա է, դեպքերը ընթանում են մի քանի երկրներում զուգահեռ։ Հերոսները տարբեր տարիքի, տարբեր սեռի ու կրոնի են։ Ունեն իրենց կյանքը, բայց հանկարծ նրանց կյանքը սկսում է խառնվել՝ փոխազդելով միմյանց վրա։ Եվ բոլորի հիմքում սկսում է ներքին անհանգստությունը՝ կապված իրենց ինքնության հետ․ յուրաքանչյուրը սկսում է  փնտրել իրեն, իր ինքնությունը։ Բոլորի ցնցումի կետը 1993 թվականին Տիգրանակերտի հովտում տեղի ունեցած մեկ դեպքն է, որը թիթեռի էֆեկտով հասել է մեր օրերը»,- նշեց Ջիվան Ավետիսյանը։

Ըստ կինոռեժիսորի, Արցախում նկարահանված այլ ֆիլմերը միջազգային հարթակներում խնդիրների են հանդիպում՝ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող երկրի պատճառով։ Սակայն դա չի կանգնեցնում իրենց թիմին, և պատրաստվում են Արցախի մասին պատմել ամբողջ աշխարհին։