13 օգոստոս, 2020 16:26

Քաշում ենք նռնակի ձգանն ու գցում տաբատիդ մեջ. ոստիկանական բեսպրեդել Բելառուսում

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո չեն դադարում բողոքի տարերային ցույցերը և ուժայինների հետ բախումները: Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել պաշտոնական Մինսկի նկատմամբ: Այդ հարցը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն օգոստոսի 14-ին: 

Մինչ այդ Բելառուսի տարբեր քաղաքներում շարունակվում է քաղաքական դիմակայությունը:  

Այս օրերի ընթացքում, ինչպես հայտնում է zona.media-ն, ձերբակալվել է ավելի քան 6 500 մարդ: Հայտնում են մեկ զոհի մասին: Ազատ արձակվածները պատմում են դաժան ծեծի, իսկ ձերբակալման վայրերում՝ խոշտանգումների մասին: Նրանց հարազատները հավաքվում են մեկուսարանների դիմաց՝ հույս ունենալով տեղեկանալ իրենց մտերիմների ճակատագրի մասին։

Օգոստոսի 12-ը համեմատաբար հանգիստ է եղել Բելառւսում: Փողոց էին դուրս եկել հիմնականում կանայք, նրանք կենդանի շղթաներ էին կազմում, ուժայինները շարունակում էին գործել դաժան ու ագրեսիվ, բայց ավելի փոքր մասշտաբներով։ ՆԳՆ-ն հայտնել է 700 նոր ձերբակալվածների մասին։

Օգոստոսի 12-ի գիշերը Մինսկում բողոքի ցույցերը տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր, լրագրողները հայտնում են, որ ուժայինները ռետինե փամփուշտներ ու լուսաձայնային նռնակներ են կիրառում ցուցարարներին ցրելու ժամանակ: Ցույցեր են տեղի ունենում երկրի տասնյակ մեծ ու փոքր քաղաքաներում:

Ցուցարարներից մեկը, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, պատմել է, որ Մինսկի ծայրամասում բողոքի ցույցը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ։ Լրագրողները նաև հայտնում են, որ լսվել են կրակոցներ։

Tut.by-ի հաղորդմամբ, ուժայինները փակել են Մինսկի կենտրոնը, ինչպես և մյուս խոշոր քաղաքների կենտրոնները: Կենտրոնական հրապարակներում և փողոցներում պատնեշներ են, որպեսզի թույլ չտրվի ցուցարարների անցումը, ինչի պատճառով նրանք սկսել են հավաքվել քաղաքների այլ շրջաններում:

Մինսկում, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, ռետինե փամփուշտներով կրակոցներին բնորոշ ձայներ են լսվել նաև քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Մալինովկա շրջանում՝ Ձերժինսկու պողոտայի մոտ: Այնտեղ հավաքվել է մոտ 300 մարդ, ապա դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի աշխատակիցները։ Կրակոցների մասին գրում է նաև Onliner հեռուստաալիքը։ «ՌԻԱ նովոստի»-ի տեղեկություններով ՝ ցուցարարներին ցրելու ժամանակ ուժայինները կիրառել են ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ:

Բելառուսի պետական հեռուստատեսությունը մեղադրել է Բելառուսի նախագահի պաշտոնի նախկին հավակնորդ և Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի շտաբի աշխատակիցներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու, համակարգելու և ֆինանսավորելու» համար: Շտաբի վեց կամավորներ ձերբակալվել են:

«Բողոքի ցույցերը համակարգողներ և առաջնորդներ չունեն, դրանք տարերային կերպով են առաջանում բոլոր քաղաքներում՝ որպես իշխանության կողմից խաբեության, կոպտության և բռնության կիրառման արձագանք։ Բելառուսներին խաբել են, և նրանց վրդովմունքը միանգամայն բացատրելի է։ Բռնությունները կիրառում են իշխանությունները, և մենք կոչ ենք անում նրանց հրաժարվել խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումից և բռնաճնշումներից»,- ասված է Վիկտոր Բաբարիկոյի շտաբի տարածած հայտարարության մեջ: 

Բողոքի ցույցի են դուրս եկել նաև բժիշկները, այս անգամ նրանց չեն ձերբակալել։ ՕՄՕՆ-ը չի խորշում ծեծել նաև նրանց, ովքեր օգնում են վիրավոր ցուցարարներին:

Օգոստոսի 10-ի երեկոյան ձերբակալված Մինսկի 26-ամյա մի բնակիչ «Նախագիծ» պարբերականին պատմել է խոշտանգումների մասին։

Նա շրջել էր մայրաքաղաքում մոտ 100 ցուցարարներից բաղկացած խմբի հետ, աստիճանաբար նրանց միացել են այլ մարդիկ։ Ինչ-որ պահի նրանց կողքին կանգ է առել երկու ավտոմեքենա, որոնց ավելացել են ուրիշները։ Ավտոմեքենաներից դուրս են վազել «Ալմազ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները և սկսել ձերբակալել մարդկանց:

«Նախագծի» զրուցակցի խոսքով՝ ինքը մյուս ցուցարարների հետ փախել է ուժայիններից, սակայն նրանց հետապնդել են։ Արդյունքում զինված մարդիկ՝ ուժայինները, խանութի բոլոր այցելուներին դուրս են բերել փողոց և ծնկի բերել, որոշ ձերբակալվածների ծեծի են ենթարկել:

Դեպքի մասին պատմող ցուցարարն իր հետ ուսապարկ է ունեցել դիմակներով, ձեռնոցներով և ներկով, որը ընկած էր ասֆալտի վրա։ Երբ ուժայինները տեսել են դրա պարունակությունը, սկսել են հարցնել յուրաքանչյուր ձերբակալվածի՝ ում է պատկանում ուսապարկը։

«Ես չգիտեմ, թե ինչ կանեն, եթե պարզեն, որ դա իմ ուսապարկն է, այնպես որ՝ ես պարզապես պառկած էի գետնին: Նրանք անընդհատ բոլորին ծեծում էին, այդ հարցից հետո սկսեցին բոլորին կրկին ծեծել, իսկ հետո ինձ ու ևս մեկ տղայի առանձնացրին ու սկսեցին ասել, թե դա, իբր, մեզանից ինչ-որ մեկինն է։ Երկրորդ տղան սկսեց լաց լինել և ասել, որ դա իր ուսապարկը չէ: Նրան հավատացին, ինձ վերցրին ու սկսեցին ծեծել, որովհետև ես ոչինչ չասացի»,- պատմում է զրուցակիցը։

Դրանից հետո ուժայինները երիտասարդին տարել են խանութ և նռնակով վախեցրել։

«Ասում են՝ ուրեմն մենք այսպես ենք անում։ Քաշում ենք ձգանը, դնում այն ձեր տաբատի մեջ, իսկ ձեր ձեռքերը այս պահին կապված է ձեր մեջքին, և մենք հեռանում ենք: Եթե չես խոստովանում, որ դա քո ուսապարկն է, դու պայթում ես, մենք ասում ենք, որ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա։ Ես պնդում եմ, որ դա իմ ուսապարկը չէ: Նրանք նռնակ նետեցին ու փախան։ Բայց ձգանը չէին հանել»,- պատմում է ցուցարարը։

Դրանից հետո նրան հերթական անգամ ծեծել և տեղափոխել են հատուկ մեքենա, որտեղ չորս ուժայիններ բոլորին ծեծել են մահակներով։

Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող բելառուսցիները շարունակում են տարերային բողոքի ակցիաները: Փորձագետների կարծիքով, բողոքի ակցիաները չեն կառավարվում մեկ կենտրոնից, իսկ ընտրություններին Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է երկրից:

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ նա լքել է Մինսկը և մեկնել Լիտվա։ Իր մեկնումը նա անվանել է ինքնուրույն որոշում և հայտարարել, որ հայտնվել է բարդ ընտրության առջև։ «Ոչ մի կյանք չարժե այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Երեխաները ամենակարևորն են, ինչ կա մեր կյանքում»,- ասել է նա։

Ավելի ուշ Բելառուսի ԲԵԼՏԱ պետական գործակալությունը հրապարակել է Տիխանովսկայի տեսաուղերձը, որում նա բելառուսներին կոչ է անում չդիմադրել իշխանություններին: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ ձայնագրությունն արվել է ճնշման տակ։

Լուսինե Վարդանյան