14 օգոստոս, 2020 18:52

Ղարաբաղյան թեման Նիկոլ Փաշինյանի HARDtalk-ում

Օգոստոսի 14-ին BBC-ի եթերով հեռարձակվեց  հայտնի հեռուստալրագրող Սթիվեն Սաքուրի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 'Hardtalk' հաղորդման շրջանակում: Փաշինյանը հայաստանյան բարձրաստիճան երկրորդ պաշտոնյան է, որը վերջին շրջանում մասնակցում է այդ հաղորդմանը: Մինչ այդ` 2019-ի հոկտեմբերին, Սթիվեն Սաքուրը հարցազրույց էր վերցրել  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից: Մնացականյանի հարցազրույցը արժանացել էր քննադատության Հայաստանում, քանի որ նախարարի պատասխանները Սաքուրի մի շարք սադրիչ հարցերի այդքան էլ համոզիչ չէին:

Հյուրերի համար այս հաղորդման գլխավոր խնդիրը ձևաչափն է, որը հարցազրույցը վերածում է դե ֆակտո հարցաքննության: Սա Մեծ Բրիտանիայում բավական տարածված հարցազրույցի ոճ է, որն օգտագործվում է բրիտանական լրագրության այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիքն են Ջերեմի Փաքսմանը, Էնդրյու Նիլը և այլք:

Hardtalk'-ին մասնակցած բազմաթիվ  գործիչներից քչերն են կարողացել շահեկան լույսի տակ ներկայանալ հաղորդման ընթացքում: Այդ է պատճառը, որ BBC-ի եթերում Փաշինյանի այս հարցազրույցին շատերը մտահոգությամբ էին սպասում: Մանավանդ, որ ՀՀ վարչապետի անգլերենը  բարելավման կարիք ունի:

Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը Սաքուրի հարցերին պատասխանում էր անգլերեն, իրոք բավականին լուրջ խոչընդոտ դարձավ նրա համար: Այս տիպի հաղորդումներում մտքերը արագ ու ճիշտ արտահայտելու ունակությունը որոշիչ նշանակություն ունի: Սակայն նույնիսկ այդ խոչընդոտներով հանդերձ՝ Հայաստանի վարչապետը կարողացավ պատշաճ մակարդակով ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները և պատասխանել բրիտանացի լրագրողի սադրիչ հարցերին: Սա հատկապես վերաբերում է հաղորդման այն հատվածին, որտեղ խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին էր: Հաղորդավարը Փաշինյանին բարդ իրավիճակի մեջ դնելու համար հիմնականում դիմում էր այն փաստարկներին, որոնք օգտագործվում են պաշտոնական Բաքվի կողմից։ (Սա ամենևին չի նշանակում, որ լրագրողը կողմնակալ է: Եթե հյուրը Ադրբեջանի նախագահը լիներ, նա կօգտագործեր հայկական կողմի փաստարկները):

Այսպես, հաղորդման սկզբում Սթիվեն Սաքուրը փորձեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Նա նշեց, որ Փաշինյանը եկել է իշխանության, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղություն գտնելու անհրաժեշտության մասին, սակայն անցած ամիս Լեռնային Ղարաբաղում  նոր մարտեր են սկսվել, որոնց արդյունքում 17 զինվորական է սպանվել երկու կողմից: Ինչպես տեսնում ենք, Սաքուրի թիմը այդքան էլ լավ չէր պատրաստվել հարցազրույցին, քանի որ նույնիսկ չէր տեղեկացրել նրան, որ էսկալացիան տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ Լեռնային Ղարաբաղում:

Փաշինյանը, պատասխանելով այս մեղադրանքին, նշում է, որ միակողմանի ջանքերը չեն կարող խաղաղություն բերել; այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները խոսում են Ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման անհրաժեշտության մասին, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ օգտագործում են ռազմատենչ հռետորաբանություն և դարձել են դրա զոհը; ավելին, Հայաստանը կողմ է սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը` ոչ:  

Վարչապետի պատասխանը հաղորդավարի հարցի այս հատվածին կարելի է հաջողված համարել:

Սակայն Սաքուրը, չբավարարվելով այդպիսի պատասխաններով,  շարունակեց Հայաստանին մեղադրել ոչ կառուցողական քայլերի մեջ: Նա, մասնավորապես սադրիչ անվանեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, ինչպես նաև նրա կառավարության մտադրությունը կառուցել Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհը, որն անցնելու է Ադրբեջանի «օկուպացված տարածքներով»: Հաղորդավարը հիշեցրեց նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտնի բանաձևերի մասին: Հարցերի այս խմբին Փաշինյանի պատասխանների մի մասը տեղին էին ու համոզիչ, մյուս մասը` ոչ այդքան ընկալելի արևմտյան լսարանի համար:

Այսպես, վարչապետը հերքեց Սաքուրի այն պնդումը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում խոսքը Հայաստանի կամ ՀՀ զինված ուժերի մասին է` նշելով, որ այդ  տեքստերում խոսվում  է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի մասին: ՀՀ-ն Արցախի հետ կապող Երրորդ ճանապարհի մասին  հարցին պատասխանելիս` Փաշինյանը խոսեց Արցախում ապրող մարդկանց կարիքների ու իրավունքների մասին և հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է վարել  Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն: Սա հենց այն լեզուն է, որով պետք է բացատրել  յուրաքանչյուր նոր ենթակառուցվածքային ծրագրի իրագործումը նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքներում: Այս լեզուն է ընկալելի  միջազգային լսարանի համար:

Արտաքին լսարանի համար ավելի քիչ ընկալելի է Փաշինյանի կողմից հաղորդման ընթացքում «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը տված հիմնավորումը: Նա նշեց, որ Արցախում հայերը ապրել են մի քանի հազարամյակ շարունակ, «Արցախ» անվանումը ևս գոյություն ունի մի քանի հազարամյակ: Սա թերևս ողջ հարցազրույցի ընթացքում Փաշինյանի օգտագործած ամենաթույլ փաստարկն էր, որը չի կարող լուրջ ընկալվել միջազգային հանրության կողմից:  Ժամանակակից աշխարհում էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման հարցում պատմությունը վաղուց երկրորդ պլան է մղվել: Առաջնային դեր են խաղում ավելի ռացիոնալ փաստարկները: Կոսովոյի ճակատագիրը դրա ամենավառ ապացույցն է: Այդ առումով Փաշինյանի և Մնացականյանի կողմից նախկինում օգտագործված այն փաստարկը, որ Արցախը Հայաստան է, քանի որ գտնվում է վերջինիս հետ նույն անվտանգության համակարգում, ավելի ընկալելի է արտաքին լսարանի համար:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցերի վերջին հատվածում Սթիվեն Սաքուրը նշեց, որ ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների՝ 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է մարդու իրավունքների խախտումներ և պատերազմական հանցագործություններ: Հաղորդավարը Փաշինյանին հարցրեց, թե արդյոք նա պատրաստ է ընդունել այդ հանցագործությունները և ներողություն խնդրել: Վարչապետի պատասխանը այս հարցին ևս կարելի է բաժանել հաջողված և անհաջող մասերի: Պատասխանի առաջին մասում  նա, մասնավորապես, նշեց, որ բոլոր պատերազմները բաղկացած են ողբերգությունների շղթաներից, և Հայաստանը առաջարկում է հրաժարվել հակամարտությունը ուժի միջոցով լուծելու ծրագրերից: Սակայն, երբ Սաքուրը ընդհատեց նրան և կրկնեց հարցը, Փաշինյանը սկսեց խոսել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին: Այս հնարքը կոչվում է whataboutism, և տվյալ դեպքում այդքան էլ համոզիչ չէր: Հետագայում պետք է աշխատել այս պատասխանի առաջին մասը զարգացնելու ու ավելի համապարփակ դարձնելու ուղղությամբ:

Ինչպես նշվեց, այս ձևաչափի հաղորդումներից բավական դժվար է հաղթած դուրս գալ: Հնարավոր է միայն «նվազեցնել կորուստները»: Նիկոլ Փաշինյանը հաղորդման ընթացքում իրեն դրսևորեց շատ ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցերին նրա պատասխանները ավելի համոզիչ էին, քան ամիսներ առաջ նույն հաղորդման շրջանակում Զոհրաբ Մնացականյանի պատասխանները:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: