25 օգոստոս, 2020 12:41

ՀՀ-ում հարցվածների 66%-ը կարծում է՝ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգությունների նկատմամբ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն, որը կատարվել է հունիսի 21-29-ը։

Ըստ ուսումնասիրության ամփոփագրի՝

  • Նոր կորոնավիրուսի համավարակը ներկայում ընկալվում է որպես երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), որին հաջորդում է գործազրկությունը (33%):
  • Հարցվածների կեսից ավելին (54%) նշել են, որ համավարակի պատճառով իրենց անձնական ֆինանսական վիճակը վատթարացել է:
  • Հարցվածների շուրջ մեկ երրորդը (35%) համավարակի բռնկման պատճառով կորցրել է իր աշխատանքը, կամ կրճատվել են իր աշխատանքային ժամերը կամ եկամուտը: 
  • Կորցրած եկամուտը լրացնելու համար, հարցվածների 36%-ը կրճատել է ծախսերը սննդի և 43%-ը՝ այլ անհրաժեշտ պարագաների վրա։ 
  • Հարցվածների 30%-ը հավատում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում իրենց տնտեսական վիճակը կմնա նույնը, մինչդեռ 25% հավատում է, որ այն կբարելավվի: 
  • Մեկ երրորդը (33%) հավատում է, որ իրենց տնտեսական վիճակը մեկ տարի հետո կվատանա։
  • Հարցվածների մեծամասնությունը վստահում է առողջապահական համակարգին (54%-ը «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է») և Հայաստանի առողջապահական պետական կառույցներին (42%-ը «Լիովին վստահում է» և 27%-ը «Ավելի շուտ վստահում է»): 
  • Ոստիկանությունը նույնպես ունի վստահության բարձր մակարդակ հասարակության շրջանում (43%-ը «Լիովին վստահում է» և 29%-ը «Ավելի շուտ վստահում է»): 
  • Շատերը կարծում են, որ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարում կառավարության՝ քաղաքացիներին ուղղված աջակցության փաթեթները լիովին բավարար են (19%) կամ ավելի շուտ բավարար են (34%): 
  • Չնայած կառավարության աջակցության փաթեթներից բավարարվածությանը, հարցվածների երկու երրորդը (65%) նշել է, որ չի օգտվել ոչ մի միջոցառումից: 
  • Կառավարության աջակցության նախընտրելի միջոցառումների շարքում վարկային վճարների /մարման ժամկետների հետաձգումը ստացել է ամենաշատ պատասխանները (27%), որին հաջորդում է կոմունալ վճարումների սուբսիդավորումը (24%): 
  • Հարցվածների մոտ 43%-ը կարծում է, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին։ Դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։ 

Համոզմունքները COVID 19-ի համատեքստում

Նոր կորոնավիրուսի համավարակը ամենակարևոր խնդիրն է (36%), որը ծառացած է երկրի առջև, առաջ անցնելով գործազրկությունից (33%): 

Հարցվածների 51%-ը նշել է, որ կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիր է, մասնավորապես կին հարցվածների կեսից ավելին (56%) է եղել այս կարծիքին, իսկ տղամարդկանց կեսից քիչը (47%)։

Կորոնավիրուսի մասին գերադասելի տեղեկությունների համատեքստում, մոտ մեկ երրորդը (34%) կարծում է, որ լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն չկա, իսկ մեկ քառորդը (25%) նշել է, որ կցանկանար իմանալ արդյունավետ բուժման մասին:

Հարցվածների մոտ մեկ երրորդը (34%) կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է գնահատում, մինչդեռ միայն 24%-ը հավատում, որ կորոնավիրուսով վարակվելու պարագայում իրենց՝ շատ ծանր հիվանդանալու ռիսկը բարձր է:

Վարքագիծը COVID 19-Ի համատեքստում

«Դիմակ դնելը» և «ձեռքերը հաճախ լավանալը» համավարակից խուսափելու ամենատարածված կանխարգելիչ միջոցներն են։ 

Կորոնավիրուսի ախտանիշներ ունենալու դեպքում հարցվածների մոտ կեսի (46%) առաջին գործողությունը կլինի «բժշկական հաստատություն» դիմելը։ 

Վստահությունը ինստիտուտների նկատմամբ

Պետական հաստատությունների շարքում առավել մեծ վստահություն ունի «Առողջապահական համակարգը» (54%), մինչդեռ Առողջապահության նախարարությանը վստահում են հարցվածների 41%-ը:

Հարցվածների շուրջ 25%-ը լիովին վստահում է ու 23%-ը ավելի շուտ վստահում է Առողջպահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): 

Առավել անվստահելի է «Սոցիալական մեդիա»-ն, քանի որ հարցվածների 26%-ը նշել է, որ «Բոլորովին չի վստահում» և 19%-ը նշել է, որ «Ավելի շուտ չի վստահում»։ 

Կառավարության գործողությունները կորոնավիրուսի տարածման համատեքստում

Հարցվածների 42%-ը նշել է, որ կցանկանար կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար ՀՀ կառավարությության կողմից գործադրվող ջանքերը առավելապես սևեռվեին «Առողջապահական համակարգին»։ 

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (65%) նշել է, որ իրենք և իրենց ընտանիքները կորոնավիրուսի սոցիալական ազդեցությունը մեղմելու համար կառավարության կողմից ձեռնարկված աջակցության ոչ մի միջոցառումից չեն օգտվել։

Կորոնավիրուսի արդյունքում առաջացած ֆինանսական վիճակը մեղմելու համար հարցվածների մոտ 27%-ը նշել է, որ կցանկանար «Վարկային վճարների/մարման ժամկետների հետաձգում»։ 

Դպրոցների վերաբացման վերաբերյալ ընկալումները

Հարցվածների մոտ 43%-ը կարծում է, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին։ Սեպտմբերին դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։ 

COVID-19-ը և մոտ ապագան

Հարցվածների 39%-ը նշել է, սահմանափակումներ չպետք է կիրառվեն նույնիսկ եթե Հայաստանում աճեն կորոնավիրուսի նոր դեպքերը: Նրանց 66%-ը կարծում է, որ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգություններին։

Ըստ եզրակացության՝

  • Հարցվածների կեսից ավելին (54%) նշել են, որ իրենց տնտեսական վիճակը վատթարացել է համավարակից ի վեր, ինչի պատճառով նրանք կորցրած եկամուտը վերականգնելու նպատակով սկսել են ծախսել ավելի քիչ գումար անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝սննդի վրա:
  • Հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների մեծամասնությունը հավանություն է տվել կառավարության աջակցության միջոցառումներին։ Մեծամասնությունը նաև վստահում է պետական կառույցներին, այդ թվում՝ առողջապահական համակարգին և ոստիկանությանը:
  • Կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու դեպքում հարցվածների 46%-ը նշել է, որ կգնա բժշկական հաստատություն: Մինչդեռ, ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, առաջին գործողությունը պետք է լինի զանգը բժշկական հաստատություն կամ թեժ գիծ:
  • Հարցվածների 25%-ը ցանկություն է հայտնել իմանալ բուժման արդյոււնավետ միջոցների մասին: Տեղեկատվական արշավները կարող են նպաստել հասարակությանը ներկայացնելու թե՛ անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկել կորոնավիրուսի ախտանիշներ ունենալու դեպքում, թե՛ արդյունավետ բուժման միջոցները: 

Գեղեցիկ Ոսկանյան