20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար

Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին և շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով. այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։

«Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին», – ասաց Անդրեասյանը:

Պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով:

Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը․ դրանք գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում։

ԿԳՄՍ-ն հրապարակել է COVID-19 պայմաններում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցը

«Բացի այդ, հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը»,- հայտնեց Անդրեասյանը:

Յուրաքանչյուր դպրոցի համար մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը:

«Նապատակն է՝ նվազեցնել դպրոցի ներսում ինտենսիվ և անկանոն շփման ռիսկը: Կարգավորվել է նաև ուսուցիչների և աշակերտների տեղաշարժը», – ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով:

Կանոնանկարգվել են նաև 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները:

«Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», – նկատեց փոխնախարարը:

Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, հնարավոր է, որ դպրոցներն անցնեն նաև երկրորդ հերթի: «Դպրոցը կգնա երկրորդ հերթի, եթե ունենա անհրաժեշտ դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», – ասաց նա՝ հավելելով, որ այդ իրավիճակում ուսուցիչների համար անհրաժեշտություն կծագի վերանայելու ուսումնական ծրագիրը և դասացուցակը։

Արդյունքում կարող է բարձրանալ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։

Մեկնաբանել