31 օգոստոս, 2020 16:52

Ինչու էր Թուրքիայի արձագանքը հուլիսյան սրացմանն ավելի կոշտ, քան 2016-ի ապրիլյան պատերազմին․ թուրքական տեսակետ

Պրոֆեսոր Իլհան Ուզգելը Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան բախումները և Հայաստանի հասցեին Թուրքիայի աննախադեպ կոշտ արձագանքը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին։ Անկարայում գտնվող TEPAV վերլուծական կենտրոնի գիտաշխատող Դիանա Յայլոյանը զրուցել է թուրք պրոֆեսոր, դոկտոր Իլհան Ուզգելի հետ՝ հասկանալու Թուրքիայի դիրքորոշման դրդապատճառները:

- Պրոֆեսոր Ուզգել, հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական լարվածության լույսի ներքո (2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում 4-օրյա պատերազմի համեմատ) թուրք պաշտոնյաները շատ կոշտ արձագանքեցին, այդ թվում, որ «Հայաստանի գործողություններն անպատասխան չեն թողնելու»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Ի՞նչու է Թուրքիայի կառավարությունն աննախադեպ կտրուկ արձագանքեց։

- Ընդհանուր առմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ավելի ռազմականացված ձև է ընդունել՝ որդեգրելով ավելի հաստատակամ ոճ։ Այնպես որ, դա Թուրքիայի առճակատման հարաճուն քաղաքականության մի դրսևորում է։ Այն ունի նաև ներքին կողմ. իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ընտրազանգվածն անշեղորեն կրճատվում է։ ԱԶԿ-ի կառավարության համար կարևոր է ազգայնական ընտրազանգվածին հաշվի առնելը։

- Հայաստանյան  որոշ փորձագետների կարծիքով՝ դա թուրքական, ինչպես նաև ադրբեջանական բանակների համար նախերգանքն է առաջիկա ռազմական սրացման, մասնավորապես՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմական միջամտության համար: Ինչպե՞ս կգնահատեք վերջերս Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև սկսված զորավարժությունները: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան ռազմական առումով ներքաշվել հօգուտ Ադրբեջանի։

- Թուրքիան արդեն իսկ մասնակցել է ռազմական չորս արշավների և գործողությունների՝ Իրաքում, Սիրիայում, Միջերկրածովյան արևելյան տարածաշրջանում և Լիբիայում։ Այդ պատճառով քիչ հավանական է թվում, որ Թուրքիան նոր ճակատ կբացի Կովկասում։ Համատեղ զորավարժությունները ուժի ցուցադրություն են, ուղերձ և ոչինչ ավելի ներկա պայմաններում: Թուրքիան դիմակայում է Ռուսաստանին Սիրիայում և Լիբիայում։ Կովկասում Ռուսաստանի հետ բախումը կարող է անհանդուրժելի լինել Մոսկվայի համար, ինչը կարող է վտանգել թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայում։ Թուրքիայի և Ադրբեջանի հանկարծակի հարձակումը միշտ էլ հնարավոր է, բայց նման կրիտիկական և ռիսկային քայլի նախապայմաններ մինչ այժմ չեն եղել։ Միջազգային իրադրությունն ու սահմանափակումները զսպում են Թուրքիայի հետագա ռազմական ներգրավվածությունը, այսինքն՝ ուղղակի ռազմական հակամարտությունը Հայաստանի հետ։

- Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում լայն տարածում ունեցող ընկալում կա, որ Թուրքիան Հայաստանը դիտարկում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը։ Որքանո՞վ են հիմնավոր այդ ընկալումները։ Արդյոք Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես վտանգ։ Եվ արդյոք Թուրքիան գոյութենական սպառնալի՞ք է Հայաստանի համար։

- Թուրքիան ավանդաբար սպառնալիքներն ընկալել է բոլոր կողմերից՝ իր դաշնակիցներից, մոտ և հեռավոր հարևաններից, ինչպես նաև ավելացրել սպառնալիքների նոր ընկալումներ, ինչպիսիք են [Լիբիայի ազգային բանակի հրամանատար] Հաֆթերը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Հայաստանը մեկն է այն երկրներից, որն ընկալվում է որպես Թուրքիայի հավերժական թշնամի։ Բայց Թուրքիայում սպառնալիքի ընկալումները յուրահատուկ բնույթ ունեն։ Թեև Թուրքիայի Ազգային անվտանգության սպառնալիքները կան ու երբեք չեն դադարի, պաշտոնական դիսկուրսը, ինչպես նաև հանրային ընկալումը հակված են չափազանց ինքնավստահ մոտեցման և նսեմացնում են հարևանների և մրցակիցների ռազմական ներուժը։

- Ինչպե՞ս է Թուրքիան ընկալում Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքը, քանի որ այն գտնվում է հենց թուրքական սահմանի մոտ:

- Ինձ հայտնի չէ, թե արդյոք թուրքական կողմը որևէ կոնկրետ հայտարարություն է արել՝ Հայաստանում ատոմակայանին հարվածելու սպառնալիքի հետ կապված։ Հավանաբար, թուրքական կողմը դա լուրջ չընդունեց, քանի որ ատոմակայանի վրա ցանկացած հարձակում կործանարար հետևանքներ կունենար ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Դա կարող է ընկալվել որպես բանավոր պատերազմի մաս, բայց ոչ որպես լուրջ ռազմաքաղաքական ընտրություն։

- Եվ վերջապես, ինչպե՞ս կգնահատեք թուրք-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը սկսել է պատժամիջոցներ սահմանել դեպի Եվրոպա և Թուրքիա ռուսական խողովակաշարերին մասնակցող էներգետիկ ընկերությունների դեմ: Կարո՞ղ է արդյոք հայ-ադրբեջանական սրացմանը Թուրքիայի վերջին կոշտ արձագանքը կապված լինել նաև տարածաշրջանում էներգետիկ միջանցքները պաշտպանելու Անկարայի ցանկության հետ:

- Անկարան մտահոգ է իր էներգետիկ պահանջներով և էներգակիրների անվտանգ փոխադրումներով դեպի Թուրքիա և անդին։ Հայաստանը գրոհել է մի տարածք, որը մոտ է Բաքու-Ջեյհան խողովակաշարին։ Թուրքիայի չափից ավելի կոշտ արձագանքը կարելի է բացատրել նրանով, որ Անկարան թույլ չէր տա այդ խողովակաշարով մատակարարումների որևէ խափանում։

...

Պրոֆեսոր Իլհան Ուզգելը 1988 թվականից աշխատել է Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում։ 2017 թվականի փետրվարին հեռացվել է ֆակուլտետի դեկանի պաշտոնից: Իլհան Ուզգելը մագիստրոսի աստիճան է ստացել Անկարայի և Քեմբրիջի համալսարաններում և դոկտորի աստիճան՝ Անկարայի համալսարանում։ Նա դոկտորական և հետդոկտորական հետազոտություններ է կատարել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Ջորջթաունի համալսարանում, ինչպես նաև դասավանդել է ԱՄՆ Օկլահոմայի համալսարանում: Պրոֆեսոր Ուզգելի գիտական հետաքրքրություններն ընդգրկում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի և Բալկանների արտաքին քաղաքականությունը։

Դիանա Յայլոյանը Անկարայում գտնվող TEPAV (The Economic Policy Research Foundation of Turkey) վերլուծական կենտրոնի գիտաշխատող է, ինչպես նաև Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ասպիրանտ, մասնագիտանում է միջազգային հարաբերությունների ոլորտում:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Read the interview in English