31 օգոստոս, 2020 11:02

Միջազգային իրավունքի հերթական փորձությունը և Իրանի հետ 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագրի ապագան

2018 թ. մայիսին ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Դրանից հետո Վաշինգտոնը փաստացի ձեռնամուխ է եղել Իրանում «վարչակարգի փոփոխության» քաղաքականության իրականացմանը՝ հիմնական շեշտը դնելով պատժամիջոցների միջոցով Իրանում տնտեսական ճգնաժամի խորացման և ներքաղաքական անկայունության հրահրման վրա։ Թվում էր, թե ԱՄՆ-ը այս ուղղությամբ  զգալի հաջողությունների է հասել. իրանական նավթի արտահանման ծավալները վերջին երկու տարիների ընթացքում բազմակի կրճատվել են, եվրոկական գրեթե բոլոր խոշոր ընկերություններն ամերիկյան ճնշման պատճառով հեռացել են իրանական շուկայից, Իրանի տարադրամը արժեզրկվել է, ինչ էլ հանգեցրել է ապրանքների գների զգալի աճին։ Այս զարգացումները մեծ դեր խաղացին 2019 թ. նոյեմբերին Իրանի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի բռնկման գործում, որոնք Իրանի կառավարությունը ստիպված էր ճնշել բիրտ ուժի կիրառմամբ, ինչը, տարբեր աղբյուրների համաձայն, հանգեցրեց մի քանի հարյուր զոհերի։

2020 թ. հունվարի 3-ին ամերիկացիների կողմից Իրաքում գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը լուրջ հարված էր Իրանի հեղինակությանը։ 2020 թ. փետրվարին կորոնավիրուսային համավարակի բռնկումն էլ ավելի ծանրացրեց Իրանի տնտեսության վիճակը, և թվում էր, ստեղծվել են բոլոր հիմքերը ստիպելու Իրանին կամ կատարել ԱՄՆ-ի բոլոր պահանջները կապված Իրանի հրթիռային ծրագրի դադարեցման և Մերձավոր Արեվելքում Իրանի ակտիվության շեշտակի նվազման հետ, կամ կանգնել պետության փլուզման իրական սպառնալիքի առջև։ Սակայն չնայած բոլոր նշված զարգացումներին, Իրանի պետական համակարգը ապացուցեց իր կենսունակությունը։ 2020 թ. փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությունը վայելող «արմատական պահպանողական» ուժերը, որոնց ներկայացուցիչն ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի նաև 2021 թ. նախատեսված նախագահական ընտրություններում, որոնց գործող Նախագահ Ռուհանին մասնակցել չի կարող։

Միևնույն ժամանակ, ի պատասխան միջուկային ծրագրի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման,  2019 թ. մայիսից Իրանը ևս սկսեց մի քանի ուղղություններով խախտել պայմանագրով Իրանի դրված պարտավորությունները հարստացված ուրանի առավելագույն քանակի (թույլ էր տալիս Իրանին ունենալ ոչ ավելի քան 300 կգ) և հարստացման տոկոսի (սահմանված էր հարստացման 3.67 տոկոս) հետ կապված։

Վերջին ամիսներին ԱՄՆ – Իրան հակամարտության կիզակետ է դարձել սովորական սպառազինությունների  ձեռք բերման հարցում Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից սահմանված էմբարգոյի ժամկետի երկարացման խնդիրը։ 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագրի համաձայն էմբարգոյի ժամկետն ավարտվում է  2020 թ. հոկտեմբերի 18-ին, որից հետո Իրանն օրինական ճանապարհով կարող է գնել ժամանակակից սպառազինություն՝ այդ թվում օդանավեր, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ձեռնարկելու են հնարավոր բոլոր քայլերը հոկտեմբերի 18-ից հետո ևս զենքի էմբարգոյի ռեժիմը պահպանելու համար։

Այս ուղղությամբ ամերիկացիների ձեռնարկած առաջին քայլն օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն անժամկետ երկարացնելու մասին բանաձևի ներկայացումն էր։ Սակայն բանաձևին կողմ քվեարկեցին միայն ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը դեմ էին, իսկ մնացած 11 պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գեերմանիան՝ ձեռնպահ։ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների կողմից բանաձևին չաջակցելը լուրջ դիվանագիտական ձախողում էր  Վաշինգտոնի համար, որը ի ցույց դրեց Իրանի խնդրում ԱՄՆ-ի փաստացի միջազգային մեկուսացումը։ 2018 թ. մայիսից սկսած եվրոպական պետությունները հայտարարում են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին և օգոստոսի 14-ի քվեարկությունը բխում էր նրանց այս հանձնառությունից։

Օգոստոսի 14-ի քվեարկությունից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, որ կօգտագործի միջուկային համաձայնագրում նախատեսված մեխանիզմը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու համար։ Տվյալ մեխանիզմի համաձայն, պայմանագիրը ստորագրած ցանկացած պետություն կարող է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ հայտարարելով, որ իր կարծիքով Իրանը չի կատարում համաձայնագրի պահանջները։ Դիմումից մեկ ամիս անց Անվտանգության խորհուրդ կարող է ներկայացվել բանաձև, որը հաստատում է Իրանի կողմից համաձայնագրի ամբողջական կատարումը։ Բանաձևի մերժման դեպքում 2015 թ. ստորագրված համաձայնագիրը պաշտոնապես դադարում է գործելուց, և վերականգնվում են մինչև 2016 թ. հունվարը Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները։ Փաստացի ԱՄՆ-ը ինքը կարող է նման բանաձև ներկայացնել Անվտանգության խորհուրդ և ինքն էլ դեմ քվեարկել դրան՝ օգտվելով վետոյի իրավունքից։

Միևնույն ժամանակ ինչպես Ռուսաստանը և Չինաստանը, այնպես էլ միջուկային համաձայնագիրը ստորագրած Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գտնում են, որ 2018 թ. մայիսին դուրս գալով Իրանի միջուկային համաձայնագրից և վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, ԱՄՆ-ը զրկվել է միջուկային համաձայնագրով նախատեսված մեխանիզմներից օգտվելու հնարավորությունից։

Առկա հակասությունները հաղթահարելու նպատակով դեռևս օգոստոսի 14-ին Ռուսաստանի դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների, Գերմանիայի և Իրանի մասնակցությամբ հատուկ գագաթնաժողով անցկացնել, սակայն այդ առաջարկը մերժվեց ԱՄՆ-ի կողմից։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ տեղեկացնելով Իրանի կողմից միջուկային ծրագրի պայմաննների խախտման և հետևաբար պատժամիջոցների վերականգնման անհրաժեշտության մասին։ Օգոստոսի 22-ին ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի հարցման 2020 թ. օգոստոսին Անվտանգության խորհրդում նախագահող պետության՝ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Դիան Ջանին հայտարարեց, որ ինքը որևէ քայլ չի կարող ձեռնարկել ԱՄՆ-ի դիմումում առաջ քաշված հարցերի առնչությամբ, քանի որ Անվտանգության խորհրդում չկա միասնական կարծիք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն  ԱՄՆ-ը դեռևս կարող է սեպտեմբերի 20-ից հետո կամ իր կամ Դոմինիկյան Հանրապետության անունից Անվտանգության խորհուրդ ներկայացնել Իրանի հետ ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մնալը հաստատող բանաձև, որից հետո դեմ քվեարկել իր իսկ կազմած բանաձևին։

Իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի իրավական փակուղու։ ԱՄՆ-ը կարող է հայտարարել, որ 2015 թ. միջուկային համաձայնագիրը այլևս չի գործում, հետևաբար ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ սահմանված նախկին միջազգային պատժամիջոցները, որոնք պարտադիր են կիրառման ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից։ Ամերիկացիները միաժամանակ կարող են միակողմանի պատժամիջոցներ սահմանել այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք կհրաժարվեն Իրանի նկատմամբ մինչև 2016 թ. հունվարը գործող պատժամիջոցների վերականգնումից։ Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի անդամ մյուս պետությունները կարող են պնդել, որ միջազգային պատժամիջոցները չեն վերականգնվել, հետևաբար ոչ ոք պարտավոր չէ հետևել դրանց կիրառմանը։ Այս իրավիճակը կարող է վերջնականապես հեղինակազրկել Անվտանգության խորհուրդն ու ճանապարհ հարթել միջազգային իրավունքի զգալի արժեզրկման համար։

Շատ փորձագետներ համարում են, որ վստահ չլինելով նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններում սեփական հաղթանակի հարցում, Նախագահ Թրամփը փորձում է ամեն ինչ անել առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը վերջնականապես տապալելու համար։ Այնուամենայնիվ, անկախ ԱՄՆ-ի իշխանության մոտիվացիայից, նրանց կողմից իրականացվող քայլերը կարող են հետագայում հիմք դառնալ այլ պետությունների կողմից ևս միջազգային իրավունքի նկատմամբ նմանատիպ վարք որդեգրելու համար։ Միևնույն ժամանակ, եթե ԱՄՆ-ը կարողանա իրականացնել իր մտադրությունը և Անվտանգության խորհրդում հասնել իր իսկ կողմից ներկայացված բանաձևի տապալմանը, դա կարող է խնդիրներ առաջացնել բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ նաև Իրանի հետ ցամաքային սահման և որպես ԵԱՏՄ-ի անդամ Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մեջ գտնվող Հայաստանի համար։ ԱՄՆ-ը Հայաստանից ևս կարող է պահանջել Իրանի նկատմամբ կիրառել մինչև 2016 թ. հունվարն ուժի մեջ եղած պատժամիջոցները՝ հակառակ պարագայում սպառնալով Հայաստանի նկատմամբ իրականացնել միակողմանի գործողություններ։   

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: