9 սեպտեմբեր, 2020 21:53

Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից ԿԳՄՍ նախարարի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով 

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ այդ հարցով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ 

«Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել է Ջուլֆալակյանը:

«Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված»: