11 սեպտեմբեր, 2020 11:25

Շուրջ 412 հազար դոլար՝ Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին, 70 հազար՝ սիրիահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին․ «Հայաստան» դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 312 հազար դոլար․ ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

«Հանգանակությունը փոխանցելիս դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100 հազար դոլար։ Այսպիսով, հավաքագրված գումարը կազմում է 412 հազար դոլար, որից 310 հազարը դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100 հազար դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13 հազար դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։

Անցյալ տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Լիբանանում սոցիալ-տնտեսական ճգնաժամով պայմանավորված, 150 հազար դոլար էր տրամադրել հայկական վարժարաններին։

Աջակցություն՝ սիրիահայությանը

Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 հազար դոլար է հանձնել Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայությանը՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմացնելու նպատակով։

Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար է բաշխվել․ 30 հազար դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 142 սպասարկող անձնակազմին:

Միևնույն ժամանակ, ընդհանուր 40 հազար դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող հայերին։

#ՍիվիլՆեթ #Լուրեր