11 սեպտեմբեր, 2020 12:05

Սոցիալական առաջընթացի ցուցիչ – 2020. Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում

Վաշինգտոնում գտնվող «Սոցիալական առաջընթացի հրամայական» (Social Progress Imperative) կազմակերպությունը հրապարակել է 2020-ի «Սոցիալական առաջընթացի ցուցիչ» (2020 Social Progress Index) զեկույցը, որում Հայաստանը 163 երկրների շարքում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 54-րդ տեղի և 2018-ի 61-րդ տեղի փոխարեն։

Սոցիալական առաջընթացի ինդեքսի արդյունքները տալիս են ավելի քան 7 միլիարդ մարդու ապրելու պայմանների ամբողջական պատկերը 163 երկրներում: Պատմության մեջ առաջին անգամ ինդեքսը չափում է սոցիալական առաջընթացը վերջին 10 տարվա կտրվածքով։

Սոցիալական առաջընթացի ինդեքսը երկրի սոցիալական և բնապահպանական կատարողականի առավել ամբողջական չափումն է, որը ոչ թե փոխարինում, այլ փոխլրացնում է հաջողության չափման ավանդական ցուցանիշները, ինչպիսիք են ՀՆԱ-ն: Ցուցանիշն արտացոլում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների հետ կապված արդյունքները, և ցույց է տալիս, որ եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա աշխարհն այդ նպատակներին չի հասնի մինչև 2082 թվականը։ Այս տվյալները նաև ցույց են տալիս, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, Covid-19 համավարակը մարդկությանը ևս մեկ տասնամյակ հետ կթողնի՝ նպատակներին հասնելը հետաձգելով մինչեւ 2092 թվականը՝ 2030 թվականին նախանշված  տարեթվից 60 տարի անց:

Հայաստանը սոցիալական առաջընթացի ցուցիչով և 76,46 միավորով առաջ է բոլոր հարևաններից․ Վրաստան՝ 56-րդ հորիզոնական, Թուրքիա՝ 92-րդ հորիզոնական, Իրան՝ 93-րդ հորիզոնական, Ադրբեջան՝ 104-րդ հորիզոնական, Ռուսաստան 69-րդ հորիզոնական:

Սոցիալական առաջընթացի ցուցիչով աշխարհի առաջատարը Նորվեգիան է՝ 92,73 միավորով, իսկ ետնապահը՝ Հարավային Սուդանը։

«Սոցիալական առաջընթացի ցուցիչ» զեկույցը ներառում է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մարդու հիմնական կարիքները, բարեկեցության հիմքերը, սնուցումն ու առաջնային առողջապահությունը, առաջնային գիտելիք ստանալու հնարավորությունը, անձնական ազատությունները և այլն։

Հայաստանն ամենաբարձր միավոր հավաքել է «սնուցում և առաջնային առողջապահություն» ցուցիչով՝ 94,66, ամենացածր միավորը՝ «ներառականության» ցուցիչով՝ 48,04։

Կարեն Հարությունյան