12 սեպտեմբեր, 2020 13:04

Ո՞րն է Հայաստանի համար լինելու ոգեշնչող նպատակը առաջիկա ամիսներին․ Պյոտր Սվիտալսկի

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հրատարակել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախկին ղեկավար (2015-2019), դեսպան Պյոտր Սվիտալսկու գիրքը՝ «Հայկական հեղափոխություն։ Անավարտ Մալուխ» (The Armenian Revolution. An Unfinished Cable) վերնագրով: Գրքում դեսպան Սվիտալսկին մանրամասն նկարագրում է իրավիճակը Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանում, ներկայացնում է նախադրյալները, որոնք ի վերջո հանգեցրին 2018-ի հեղափոխությանը։ Սվիտալսկին, օրինակ, խոսում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերում տեխնիկապես քվեարկության որակի բարելավման, բայց նաև ընտրակաշառքի համատարած դեպքերի և ռեյտինգային համակարգը ներդնելու մասին։ Նա նշում է, թե ինչպես էր ՀՀԿ-ն ամեն գնով փորձում պահել իշխանությունը անգամ այնտեղ, որտեղ չէր հաղթում, օրինակ՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։

2017-ի ընտրությունները նպաստեցին ՀՀԿ-ի վերնախավի ավելի մեծամտանալուն։ «Նրանք իրենց հիշողությունից վանեցին այն դրական կարևոր էֆեկտը, երբ ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորեց Կարեն Կարապետյանը (մինչդեռ կուսակցության փաստացի առաջնորդ, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մնաց ստվերում)։ Որոշ մարդիկ, անկեղծորեն զզվելով ՀՀԿ-ից, իրենց ձայնը տվել էին այդ կուսակցությանը միայն այն պատճառով, որ Կարապետյանը դրական փոփոխությունների ինչ-որ նոր հույս էր արթնացրել։ Կուսակցական առաջնորդների մեծամտությունը նրանց ստիպեց հավատալ, որ իրենց հետևում իսկապես կանգնած է հայաստանցիների մեծամասնությունը։ Նրանք ընտրությունները մեկնաբանեցին որպես մանդատ երկարաձգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2018-ին որպես տարբերակ դուրս թողնելով Կարեն Կարապետյանին»։

Որոշ մտորումներ ճանապարհին

Յուրաքանչյուր հաջող հեղափոխություն կարող է ինչ-որ պահի շրջվել իր դեմ։ Հեղափոխությունները սովորաբար ղեկավարում են մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես պետք է քանդել հին կարգը, և ոչ անպայման նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է կառուցել նորը։ Եվ հեղափոխությունները սիրում են խժռել իրենց զավակներին։ Հայաստանում խժռելու գործընթացն այնքան էլ ակնդետ չէ, բայց ճաքերը տեսանելի են։ Հեղափոխության որոշ մասնակիցներ լքել են ղեկավար պաշտոնները։ Դժվար չէ նաև նկատել մարդկանց, որոնք խոստովանում են, որ կորցրել են խանդավառությունը։

Հեղափոխական ճամբարում կառավարման առօրյա գործերը, բնականաբար, ստվերում են թողնում հեղափոխական օրերի հույզերը։ Իսկ հեղափոխական հռետորաբանությունը լղոզվում է և գնալով ավելի ու ավելի քիչ համախմբող դառնում։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ սպասվող փոփոխություններն ու բարեփոխումներն ընթանում են դանդաղ տեմպերով, թեկուզև օբյեկտիվ պատճառներով։

2018-ի ապրիլյան փառահեղ օրերն անխուսափելիորեն խամրում են, բայց շատերի համար, այդ թվում ՝ հիմնականում դեռ երիտասարդ սերնդի, դրանք նրանց կյանքի ուղենշային օրերն էին։ Այդ օրերը նրանց քաղաքացիական կենսագրության մեջ կլինեն որպես որոշիչ պահեր։

Որոշ մեկնաբանների համար նախապես 2020-ի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն կարող էր Հայաստանում քաղաքական հույզերի վիճակի կարևոր ցուցանիշ դառնալ։ Սահմանադրական դատարանի կազմը նորացնելու նպատակով Սահմանադրության փոփոխությունը դիտվում է որպես հեղափոխության ոգու շարունակություն։ Սակայն քննադատների համար, այդ թվում ՝ նախահեղափոխական քաղաքական շրջանակների, այն օրենքի գերակայության նկատմամբ ոտնձգություն է։

Կորոնավիրուսի համաճարակը դրամատիկորեն փոխել է քաղաքական համատեքստը։ Ակնհայտ է, որ դա կանդրադառնա երկրների մեծամասնության քաղաքական կյանքի վրա։ Ճգնաժամի ալիքի վրա ցանկացած համապետական քվեարկություն երկրների մեծ մասի դեպքում մարդկանց համար առիթ է դառնալու արտահայտելու իրենց կարծիքը ճգնաժամը կառավարելու, քան որևէ այլ բանի մասին։

Համաճարակը մեզ նաև հիշեցրեց մեր օրերում «սև կարապների» (դժվար կանխատեսելի, հազվագյուտ, անսպասելի իրադարձությունների՝ զգալի հետևանքներով) դերի մասին: Նասիմ Նիկոլաս Թալեբը կարող էր գրել իր գրքի մեկ այլ հատոր, որում կորոնավիրուսը կլիներ միակ դեպքը: Արդեն իսկ ճգնաժամի պրիզմայով երևում է, թե որքանով ճիշտ էր նա, երբ ասում էր․ «Մենք մեր հաջողությունները վերագրում ենք մեր հմտություններին, իսկ մեր անհաջողությունները՝ արտաքին երևույթներին, որ դուրս են մեր վերահսկողությունից»։ Դա միայն «սև կարապների» հետևանքներից գլուխ հանելուն չէ, որ վերաբերում է։ Երբ հեղափոխությունները ձախողվում են, բոլոր հեղափոխականները դա վերագրում են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին իրադարձություններին։

Ցանկացած հասարակություն իր երկրի բարեփոխման գործընթացում հստակ և ոգեշնչող նպատակների կարիք ունի։ Պետք է լինի մի բան, որ համախմբում է մարդկանց և օգնում է հաղթահարել դժվարությունները։ Արևելյան Եվրոպայի երկրների համար ազգերի արևմտյան ընտանիքին միանալու և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը նման ոգեշնչող նպատակ էր: Այժմ նրանց համար այդ ոգեշնչող նպատակը իրենց և Արևմտյան Եվրոպայի հարուստ երկրների միջև բարեկեցության անջրպետի կրճատումն է։ Ո՞րն է լինելու Հայաստանի համար ոգեշնչող նպատակը առաջիկա ամիսներին: Կարո՞ղ է արդյոք Հայաստանի հասարակությունը համախմվել դրա շուրջը։

Հայկական հեղափոխությունը խաղաղ փոփոխությունների հիանալի օրինակ էր՝ առանց աշխարհաքաղաքական հետևանքների։ Արտաքին աշխարհը, առաջին հերթին՝ Արևմուտքը, հայկական հեղափոխությունը պետք է ներկայացնի որպես օրինակ՝ պատասխանատու և հանգիստ եղանակով արմատական բաներ անելու։

Հայերը բավական երկչոտ են իրենց հեղափոխությունն օգտագործելու երկրի իմիջի ռեբրենդինգի և այն ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար։ Եվ աշխարհը` թե՛ Արևմուտքը, թե՛ Արևելքը, նախկինի պես զուսպ է վերաբերվում հայկական հեղափոխությունը գնահատելուն (հավանաբար, բոլորովին տարբեր պատճառներով)։

Պյոտր Սվիտալսկու գիրքը հասանելի է հետևյալ հղումով՝ The Armenian Revolution: An Unfinished Cable

Կարեն Հարությունյան