15 սեպտեմբեր, 2020 16:17

ԵՊՀ-ն վարձը բարձրացրել է, ուսանողները կառավարությունից պահանջում են փոխհատուցել

Այսօր Երևանի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ մայր բուհից երթով գնացին կառավարություն՝ իրենց հետ տանելով 5000 ստորագրություններից կազմված խնդրանք-պահանջը կառավարությանը։ Նրանք խնդրում եմ ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացնել։ Այս տարվանից ԵՊՀ-ում ուսման վարձերը բարձրացել են․ օրինակ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն» ֆակուլտետների ուսման վարձերը 160 հազար դրամով են բարձրացել, որոշները՝ 100 հազար դրամով։ Կան ֆակուլտետներ, որոնց թիվը քիչ է, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել։

ԵՊՀ եվրոպական լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Լիլիթ Աղաջանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ թեև իրենց ուսման վարձում էական փոփոխություն չի եղել, սակայն նախորդ տարիների համեմատ՝ իրենք չեն ստանալու նույն կրթությունը, ինչի համար վճարում են։ 

«Քանի որ դասերի մեծ մասը օնլայն ենք անում, ուզում ենք մի քիչ փոխհատուցում»,- ասաց ուսանողը։ Նույն խնդրով նրանք դիմել են նաև բուհի ղեկավարությանը, եղել է պատասխան, որ միջոցներ չունեն։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որը նախաձեռնել էր այս ցույցը, նշեց, որ այդ պատճառաբանությանը ըմբռնումով է մոտենում. «Դա հասկանալի պատճառ է, բուհը պետք է դասախոսական կազմին աշխատավարձեր փոխանցի, եթե նրանք այն չստանան՝ ուսման վարձի փոխհատուցման հաշվին, ապա մյուս կողմը կտուժի»։

Կառավարության դիմաց ուսանողներին մոտեցան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանք լսեցին խնդրանքը և խոստացան այն քննարկման առակա դարձնել նաև ԱԺ-ում։ 

Կառավարությունից ուսանողների դիմումը վերցրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հայտնելով, որ առաջիկայում վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու, և այդ նամակը գործադիրում հիմք կընդունեն։