15 սեպտեմբեր, 2020 14:27

Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան․ լրատվամիջոցներ

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ ինստագրամյան իր էջում գրառում է կատարել։

«Բարև, Նավալնին է։ Կարոտում եմ ձեզ»,- գրել է նա՝ նշելով, որ դեռևս գրեթե ոչինչ չի կարողանում անել, սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում շնչել է ինքնուրույն։

Նավալնին համատեղ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Յուլյայի և որդու՝ Զախարի հետ։

Սեպտեմբերի 14-ին Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ գտնվում է Նավալնին, հայտնել էր, որ անջատել է ռուս քաղաքական գործչին թոքերի արհեստական օդափոխության ապարատից: Բժիշկները նշել են, որ նա սկսել է կարճ ժամանակով վեր կենալ մահճակալից։ Բացի այդ, սա առաջին անգամն էր, երբ Նավալնին բժիշկներին թույլ էր տվել հրապարակել իր առողջական վիճակի մասին տեղեկություններ, նախկինում  նման թույլտվություն տալիս էր  նրա կինը։

The New York Times թերթի տվյալներով՝ Նավալնին շփվել է Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ։ 

«Նա լիովին գիտակցում է վիճակը, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ և որտեղ է նա հիմա։ Նա չի պատրաստվում մնալ Գերմանիայում։  Նավալնին ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, որպեսզի շարունակի իր առաքելությունը»,- գրել է թերթը։

Գերմանական Der Spiegel ամսագիրը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ, Գերմանիայի անվտանգության մարմինների կարծիքով, Նավալնու թունավորման հետևում կարող են կանգնած լինել ռուսական հատուկ ծառայությունները: Կրեմլում «մերկապարանոց» են անվանել Ռուսաստանի դեմ մեղադրանքները։

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ էր զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Նավալնին կորցրել էր գիտակցությունը, նրան մտցրել էին  արհեստական կոմայի մեջ։

Ավելի ուշ Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել էին Բեռլինի «Շարիտե» կլինիկա, որտեղ հաստատել էին նրա թունավորման փաստը։ Նավալնու մաշկի, արյան ու մեզի նմուշներում հայտնաբերել էր «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր։

Գեղեցիկ Ոսկանյան