15 սեպտեմբեր, 2020 12:00

5 000 երեխա, որ երեկ «բացակա ստացավ» ․ մտորումներ Հայաստանի ժողովրդագրական վիճակի շուրջ 

Երեկ Հայաստանում մոտ 38 000 երեխա առաջին անգամ հաճախեց դպրոց։ 2014-ի ծնված մոտ 43 000 երեխաներից 5000-ը երեկ փաստորեն չեն սկսել իրենց դպրոցական կյանքը։ Կարելի է ենթադրել, որ նրանց մի փոքր մասը դպրոց է սկսել հաճախել 2019-ից, գուցե կան ծնողներ, որոնք համավարակով պայմանավորված որոշել են երեխաներին դպրոց ուղարկել 2021-ին։ Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշը Հայաստանում առկա ժողովրդագրական խորքային հիմնախնդիրների հերթական վկայությունն է։  

Անկախությունից ի վեր Հայաստանում բնակչության թվաքանակը եղել է, թերևս, առավել շատ քննարկվող հիմնախնդիրների թվում։ Ընդ որում դրանց զգալի մասն ունեցել է ոչ այնքան մասնագիտական, որքան քաղաքական ուղղվածություն։ 1998-ին առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո 90-ականների սկզբի զանգվածային արտագաղթը հայտնվեց ներքաղաքական քննարկումների կիզակետում։ Առաջին նախագահի հակառակորդներն այդ տարիները ներկայացնում էին որպես «մթի, ցրտի և Հայաստանից փախուստի» ժամանակաշրջան, մինչդեռ այդ տարիներին իշխանության մեջ գտնված գործիչների համար այդ ժամանակաշրջանը «պատերազմում տարած հաղթանակի և դարավոր ընդմիջումից հետո տարածքային ձեռքբերումների տարիներ էին»։

Ժողովրդագրական ցուցանիշները շարունակեցին մնալ ներքաղաքական քննարկումների կիզակետում նաև երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման շրջանում։ Այս ոլորտում ցանկացած բացասական զարգացում ընդդիմությունն անմիջապես կապում էր երկրում տիրող կոռուպցիայի, օրենքի գերակայության ու արդարության պակասի հետ, մինչդեռ իշխանությունները ցանկացած դրական տվյալ ներկայացնում էին որպես իրենց ազգանվեր գործունեության արդյունք։ Չնայած ժողովրդագրությունը ներառում է բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են մահացությունը, մանկական մահացությունը, կյանքի սպասվող տևողությունը և բնակչության սեռատարիքային կազմը, ծերացումը, սակայն ավանդաբար քաղաքական դիտարկումների կենտրոնում յուրաքանչյուր տարի արձանագրված ծնունդների թիվն էր։ Այն ոչ մասնագիտական շրջանակների կողմից առավել հեշտ ընկալվող ցուցանիշն է, որի հիման վրա բնակչության գերակշիռ մասը ձևավորում է իր պատկերացումները ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ։

Չցանկանալով նյութը ծանրաբեռնել բազմաթիվ թվային տվյալներով՝ նշեմ, որ Խորհրդային Հայաստանում 1980-ից հետո ամենաբարձր ծնելիությունն արձանագրվել է 1986-ին՝ 81 192 մարդ, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարում՝ 1991-ին, այդ թիվը եղել է 77 825։ Դրան հաջորդող տասը տարիների ընթացքում արձանագրվել է կտրուկ անկում, և 2001-ին Հայաստանում արձանագրվել է ընդամենը 32 065 ծնունդ։ 2002-ին մեկնարկեց հակառակ գործընթաց, և արդեն 2007-ին ծնունդների թիվը 40 105 էր։ Ծնելիության պիկն արձանագրվեց 2010-ին՝ 44 825 մարդ։ 

Սկսած 2011-ից՝ Հայաստանում նորից արձանագրվում է ծնելիության անկում. 2016-ին ծնունդների թիվն արդեն 40 638 էր, իսկ 2019-ին Հայաստանում ծնվել է ընդամենը 36 041 երեխա, մոտավորապես այնքան, որքան հեռավոր 2003-ին։ Փաստորեն, վերջին ինը տարիների ընթացքում ծնունդենրի բացարձակ թիվը նվազել է գրեթե 9 000-ով։

Այս ցուցանիշներն ակտիվ օգտագործվում էին ներքաղաքական գործընթացներում։ 2002-ի ծնելիության աճը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բացատրում են այդ տարիներին Հայաստանում արձանագրված երկնիշ տնտեսական աճով, դա համարում որպես տնտեսական ցուցանիշների արժանահավատության ապացույց։ Միևնույն ժամանակ, 2011-ից հետո արձանագրված ծնելիության անկումը ներկայացվում է որպես երրորդ նախագահի օրոք Հայաստանում տիրող հիասթափության և տնտեսության լճացման ապացույց։

Նմանատիպ քննարկումներն ունեն զգալի մանիպուլյատիվ համատեքստ։ Բանն այն է, որ տվյալ տարում ծնելիության ցուցանիշն ուղղակի կախվածության մեջ է վերարտադրողական տարիքում գտնվող տղամարդկանց և կանանց թվաքանակի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերարտադրողական միջին տարիքը 25-30-ի սահմաններում է, 2002-2010 թթ. արձանագրված ծնունդների աճն առաջին հերթին պայմանավորված էր 1980-ականների առաջին կեսին Խորհրդային Հայաստանում արձանագրված ծնելիության բարձր ցուցանիշներով։ Նույնը վերաբերում է նաև 2011-ից սկսած ծնելության ցուցանիշի անկմանը․ դրա հիմնական պատճառը 1990-ականներին ծնելության կտրուկ անկումն էր։ Ամենայն հավանականությամբ, ծնելիության ցուցանիշները Հայաստանում կնվազեն առնվազն առաջիկա հինգ տարիների ընթացքում, երբ վերարտադրողական տարիք մուտք գործեն 1997-2001 թթ. ծնվածները։

Կոնկրետ տարում ծնելիության ցուցանիշի և տնտեսական վիճակի միջև ուղղակի կապի բացակայության տիպիկ ցուցանիշ է այն փաստը, որ անկախ Հայաստանի պատմության օրոք մինչ այժմ ծնելիության ամենաբարձր ցուցանիշ արձանագրվել է 2010-ին,՝ 2009-ին ֆիքսված ՀՆԱ-ի ավելի քան 14 տոկոս անկումից անմիջապես հետո։

Ժողովրդագրական ցուցանիշների նկատամբ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ վերջին տարիներին։ 2017-ի սեպտեմբերին  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040-ին Հայաստանը պետք է ունենա առնվազն չորս միլիոն բնակչություն։ Սակայն ի սկզբանե ակնհայտ էր, որ նույնիսկ խորհրդարանական կառավարման համակարգի և Հանրապետական կուսակցության անդադար հաղթանակների պայմաններում դժվար թե Սերժ Սարգսյանը 86 տարեկանում 2040-ին շարունակեր ղեկավար պաշտոններ զբաղեցնել Հայաստանում և պատասխանատվություն ստանձներ 23 տարի առաջ հնչեցրած խոստումների կատարման ընթացքի մասին։

Արդեն երկու տարի անց՝ 2019-ի օգոստոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ 2050-ին Հայաստանը պետք է ունենա հինգ միլիոն բնակչություն։ Չնայած այն հանգամանքին, որ 2050-ին Փաշինյանը կլինի 75 տարեկան, այսինքն 11 տարով ավելի երիտասարդ, քան Սերժ Սարգսյանը՝ 2040-ին, սակայն դժվար թե նա 2050-ին շարունակի պաշտոնավարել և, ըստ այդմ, քաղաքական պատասխանատվություն ստանձնել խոստման կատարման հարցում։

Միևնույն ժամանակ, 2019-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2025-ին Հայաստանի բնակչության թվաքանակը կլինի 2 977 000, իսկ 2050-ին՝ 2 816 000։ 

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 961 600 մարդ, իսկ 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 956 900 մարդ։ 2020-ի հունվար-հունիս ամիսներին գրանցվել են նաև այլ մտահոգիչ ցուցանիշներ․ բնական աճի ցուցանիշը բացասական է եղել վեց մարզում՝ Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր։ Փաստացի, Հայաստանում բնակչության բնական աճն ապահովվում է գերազանցապես մայրաքաղաքի հաշվին, չնայած Երևանում է բնակվում Հայաստանի բնակչության մոտ մեկ-երրորդը տոկոսը։

Ակնհայտ է, որ 1991-ից ի վեր ժողովրդագրությունը և, մասնավորապես, ծնելիության ցուցանիշը Հայաստանում գրեթե մշտապես եղել են քաղաքական շահարկումների, մանիպուլյացիաների և պոպուլիստական խոստումների կիզակետում։ Այս հանգամանքն էականորեն խոչընդոտում է այս ոլորտում արդյունավետ և իրատեսական ռազմավարության մշակմանն ու դրա հիման վրա համապատասխան ծրագրերի իրականացմանը։ Ծրագրեր, որոնց նպատակը ոչ թե հեռավոր ապագայում չորս կամ հինգ միլիոնանոց Հայաստան ստեղծելն է, այլ, օրինակ, առաջիկա հինգ տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 3 100 000 դարձնելը։     

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: