16 սեպտեմբեր, 2020 13:33

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրությունում ասվում է, որ քննչական  և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը  զբաղեցնելով նշված պաշտոնը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների  նկատմամբ  ունենալով  կառավարման  լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի   հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության  լաբորատորիայի,  սեռոլոգիական  և  մանկական բաժանմունքների  աշխատակիցների  հասանելիք   հավելավճարների  ու  պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26 մլն 514 հազար 391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

 Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

 Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

#ՍիվիլՆեթ #Լուրեր