16 սեպտեմբեր, 2020 15:42

Իրանում քննարկել են Ղարաբաղյան հարցը, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ու Իսրայելի դերը

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինի, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Իրանի նախագահին կից՝ Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր փորձագետ Վալի Քուզեգար Քալեջիի մասնակցությամբ տեղի է ունեցել  քննարկում՝ «Ղարաբաղյան հակամարտության վերաիմաստավորումը Հարավային Կովկասի քաղաքական-անվտանգային հարաբերությունների համատեքստում» թեմայով։ Քննարկման հիմնական ելույթները պարսկերենից թարգմանաբար ներկայացվում են ստորև։

Արտաքին քաղաքականության հետազոտող Թաղավին ներկայացրել է հակամարտության հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և վերջերս նաև Իսրայելի դերը, անդրադարձել է նրանց քողարկված նպատակներին։ 

Ըստ հետազոտողի, օրինակ, Ռուսաստանի շահերից ու հետաքրքրություններից  բխում է հակամարտության շարունակականությունը, որպեսզի վերջինս ամրապնդի իր ազդեցությունն Ադրբեջանի և հատկապես Հայաստանի վրա։ Իսրայելը, որը վերջերս է դերակատարություն ստանձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ու բարելավել է իր հարաբերությունները Հայաստանի հետ, շահագրգռված է Իրանի սահմանային շրջաններում ճգնաժամի և հակամարտության օջախի տարածմամբ՝ այդ միջոցով փորձելով շեղել Թեհրանի ուշադրությունն ու կենտրոնացումը Արևմտյան Ասիայից դեպի այլ տարածաշրջաններ։ Թուրքիայի շահերից է բխում ադրբեջանական կողմին միանշանակ աջակցությունն ու հայկական կողմի հետ թշնամանքը։ Ֆրանսիան ևս՝ որպես Եվրամիության ներկայացուցիչ, իր մասնակցությունն ունի հակամարտությունում․ Եվրոպայի հիմնական շահը էներգափոխադրումն է և Ռուսաստանի էներգակիրներից կախվածության նվազեցումը։  

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը երկու հարցադրում է արել․ հարց առաջին՝ ինչո՞ւ Ղարաբաղյան հակամարտությունը մինչև օրս լուծված չէ։ Հարց երկրորդ՝ կա՞ արդյոք  որևէ դրական հեռանկար, թե՞ ոչ։

Վերջինս կարծում է, որ պետք է Ղարաբաղը բաժանել երկու գոտու։ «Մեկը Ղարաբաղի հիմնական տարածքն է, որը բաղկացած է 75 տոկոս  հայ և 25 տոկոս ադրբեջանախոս բնակչությունից։ Երկրորդ գոտին Լեռնային Ղարաբաղի շրջակայքի յոթ տարածքներն են, որոնք գերազանցապես ադրբեջանախոս են, բայց գտնվում են հայկական նվաճման ներքո և Հայաստանն ինքը ընդունել է, որ այս յոթ տարածքները եղել են Ադրբեջանի իշխանության ներքո, սակայն այսօր գտնվում են հայկական ազդեցության ոլորտում»։

Ինչ վերաբերում է առաջին հարցին, ըստ դեսպանի, կա չորս հիմնական գործոն, որոնք բացատրում են, թե ինչու խնդիրը լուծված չէ։

«Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ են մնում միջազգային իրավունքի երկու առանցքային սկզբունքներին։ Հայաստանը հակամարտությունում առաջ է քաշում ինքնորոշման իրավունքը, իսկ ադրբեջանցիները խոսում են երկրի տարածքային ամբողջականության իրավունքից։

Երկրորդ պատճառը Մինսկի խմբի անկարողությունն է։

Մինսկի խումբը բաղկացած է Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրամիության ներկայացուցիչ Ֆրանսիայից։ Խումբն ի սկզբանե ներկայացրեց կողմերի համար փոխզիջումային առաջարկներ, սակայն կողմերը չհամաձայնեցին։ Ադրբեջանը դեմ է արտահայտվում Մինսկի խմբի ձևաչափին, քանի որ աշխարհի հայերի մեծամասնությունը բնակվում է երեք համահիմնադիր երկրներում։ Թուրքիան ևս պետք է ներգրավվեր, սակայն սա չստացավ Հայաստանի համաձայնությունը։ Այնուհետև բազմաթիվ տարաձայնությունների պատճառով Մինսկի խմբի նշանակությունը նվազեց։

Երրորդ պատճառը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  բանաձևերի իրականացման երաշխիքի բացակայությունն է։ Անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է  չորս բանաձև, բայց իրականացման ոչ մի կոնկրետ քայլ չի արվել։ Օրինակ՝ այս բանաձևերում Հայաստանին դատապարտելու փոխարեն, դատապարտվում է հակառակորդ կողմը

Չորրորդ պատճառը երկու երկրներում խնդրի լուծման համար ուժեղ ղեկավարության բացակայությունն է։ Կարծես երկու երկրներն էլ գոհ են  գոյություն ունեցող վիճակից, որ ոչ մշտական խաղաղություն է, ոչ՝ պատերազմ։ Հաշվի առնելով հսկայական ներդրումները նավթային ոլորտում՝ պատերազմը խոշոր խոչընդոտ է Ադրբեջանի եվրոպականացման գործընթացի համար»։

Մոհսեն Փաքայինը ճգնաժամի լուծման ոչ մի դրական հեռանկար չի տեսնում, և կարծում է, որ այն շարունակվելու է։ «Մինսկի խումբը փաստացի ոչինչ չի անում, իսկ ռուսների համար ճգնաժամի լուծումն անշահավետ է, և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության նվազեցման պատճառ է»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ փոխզիջման ու ճգնաժամի խաղաղ լուծման առաջարկներ է ներկայացրել, որոնք սակայն, չեն ողջունվել երկու երկրների կողմից։ 

«Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել Իրանի Իսլամական Հանրապետության համար Ադրբեջանի ավելի կարևոր դերը՝ նկատի ունենալով Կասպից ծովը, Հյուսիս-հարավ  ճանապարհը, երկաթգիծը և այլն»,- եզրափակել է Փաքայինը։

Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն իր ելույթում շեշտել է Իրանի՝ երեք կողմերի հետ էլ ընդհանուր սահման ունեցող միակ երկիր համար ղարաբաղյան ճգնաժամի կարևորությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը մոխրի տակ գտնվող ճգնաժամ է

Իրանը միակ երկիրն է, որը թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի։ 

«Ղարաբաղյան հակամարտությունն, ըստ իս, մոխրի տակ գտնվող ճգնաժամ է, որը յուրաքանչյուր պահի կարող է պայթել։ Ինչո՞ւ․ որովհետև այս ճգնաժամում մենք բացառապես երկու երկրների հետ չէ, որ գործ ունենք․ կան բազմաթիվ դերակատարներ, ինչը կարող է ճգնաժամի խորացման պատճառ դառնալ»,- ասել է Ալի Սաղայանը։

Ըստ դեսպանի՝ խնդիրը, որին բախվում է Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում, Հայաստանում ու Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աստիճանական աճն է, որը կարող է նախկինից ավելի խճճված դարձնել Ղարաբաղյան հակամարտության ընթացքը։ 

«Վերջին բախման ընթացքում երկու կողմից էլ իսրայելական հրթիռների ու անօդաչու սարքերի կիրառման ականատես եղանք, ինչը կարող է լուրջ վտանգի ազդանշան լինել Իրանի համար։ Իրանն անհրաժեշտ ու կարևոր պահերին օգնության է հասել Հայաստանին ու Ադրբեջանին և փորձել է բարիդրացիական քաղաքականությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատել լավ հարաբերություններ։ Միևնույն ժամանակն Հայաստանը Թուրքիայի ու Վրաստանի հետ սահմանային հակասությունների պատճառով հակված է եղել Իրանին։

Իմ՝ Երևանում դեսպան լինելու ընթացքում՝ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է եղել և շարունակում է հիմնվել  բարիդրացիության վրա։ 

Ես նաև վստահ եմ, որ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության լուծման կամք չեն ցուցաբերում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ Ամերիկան և ոչ մի այլ երկիր չի կարողանալու լուծել հակամարտությունը։

Թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը Իրանի մշակութային ու անվտանգային միջավայրի մաս են համարվում, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտեսել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Իրանի տնտեսական դիվանագիտությունը պետք է նախկինից ավելի ակտիվ լինի, ինչպես նաև հնարավորինս արագ պետք է լուծվի Հյուսիս-հարավ միջանցքի հարցն ու հանձնվի շահագործման։ Շատ կարևոր է անդամակցությունը տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպիսին է օրինակ, Եվրասիական տնտեսական միությունը, քանի որ Հայաստանն այդ միության անդամ է, և սա կարող է նոր հնարավորություն լինել Իրանի համար։

Իրանի նախագահին կից՝ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր փորձագետ Վալի Քուզեգար Քալեջին շեշտել է՝ Իրանը միակ երկիրն է, որը Կովկասի երեք երկրների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ ունի․ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի պարագայում այդպես չէ։ 

Իրանը Հայաստանի և Ղարաբաղի հետ ունի ցամաքային սահման, իսկ Ադրբեջանի հետ նաև՝ ջրային։ Տարածաշրջանում ապրող ժողովուրդների մեծ մասը ապրում են նաև Իրանում, ինչպես՝ վրացիներ, թաթեր, թալիշներ, հայեր, ադրբեջանցիներ և այլն։ Տարածաշրջանային երկրների նկատմամբ Իրանի քաղաքականությունը կառուցվում է կենտրոնական իշխանությանն աջակցելու սկզբունքի հիման վրա։ Իրանը պաշտոնապես չի ճանաչել ո՛չ Աբխազիայի, ո՛չ Օսեթիայի, ո՛չ Ղրիմի, ո՛չ Քրդստանի և ո՛չ Ղարաբաղի անկախությունը։

«Հայ-ադրբեջանական վերջին բախման վերաբերյալ կարող եմ առանձնացնել հետևյալ կետերը։ Առաջին անգամ բախման գոտին եղել է Ղարաբաղի հիմնական տարածքից դուրս։ Կռիվը տեղի է ունեցել Ղարաբաղից 300 կիլոմետր հեռավորության վրա ՝ Թովուզի և Տավուշի տարածքում և հասել է մինչև երկու երկրների հիմնական տարածք։ Երկրորդ առանձնահատկությունը եղել է բախումների կարճատևությունը։ Առաջին անգամ  արձանագրվել է երկու կողմերից միջին հեռահարության և անօդաչու հրթիռների կիրառում։ Եվ վերջին առանձնահատկությունը բախման՝ միջազգային բնույթ ստանալն էր․ արձանագրվել են բախումներ տարբեր երկրների ադրբեջանական ու հայկական համայնքների միջև։

Քալեջիի խոսքով՝ հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ է դարձել ոչ ղարաբաղյան ծագում ունեցող Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է նաև Ղարաբաղի վրա։ Նրա համոզմամբ՝ վերջին բախման գլխավոր ազդանշանները հետևյալն են․ առաջին ազդանշանը Ռուսաստանը տվեց Փաշինյանին, որ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում կնվազի Ռուսաստանի՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, և Հայաստանը ստիպված կլինի հաշտվել հետևանքների հետ, ինչպես Վրաստանը։ 

Ռուսաստանի երկրորդ ազդանշանն ուղղված էր Թուրքիային, որ վերջինս Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ է զուգահեռաբար Սիրիայում և Լիբիայում, և ղարաբաղյան ճգնաժամը Թուրքիայի համար կարող է երրորդ ճակատ դառնալ։ 

Ռուսաստանի երրորդ ազդանշանն ուղված էր կրկին Թուրքիային և Եվրոպային և վերաբերում էր էներգետիկ խողովակաշարերին։

Հուլիսյան ճգնաժամի վերջնարդյունքը, ըստ փորձագետի, ամրապնդեց Փաշինյանի ու Ալիևի դիրքերն իրենց երկրներում, քանի որ պատերազմի դեպքում տարածաշրջանում առավել ընդգծվում և գլուխ է բարձրացնում ազգայնականությունը։ 

Թարգմանությունը՝ Հասմիկ Հովհաննիսյանի