16 սեպտեմբեր, 2020 13:46

Շինարարությունը տարեվերջին կարող է աճել՝ կապիտալ ծախսերի հաշվին

Չնայած այս տարվա յոթ ամիսներին Հայաստանում շինարարության ոլորտի անկման կուտակային ծավալը կազմել է 21,7%, սակայն, հաշվի առնելով ամսեամիս աճի բարելավումները՝ հարկ է սպասել տարեկան ավելի լավ ցուցանիշի։ Այդ մասին նշվում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության` «Շինարարության ոլորտի առանձնահատկությունները և 2020թ․ տնտեսական աճը» հետազոտությունում:

Հետազոտության հեղինակները մատնացույց են անում, որ շինարարության ոլորտը, հաշվի առնելով անցյալ տարվա փորձը, կարող է կտրուկ աճել տարվա վերջին ամիսներին կապիտալ ծախսերի հաշվին: «2019 թվականին կտրուկ աճել են դեկտեմբերին շինարարական աշխատանքների ծավալները։ Նման կտրուկ աճը պետական կապիտալ ծախսերի իրականացման հետևանք է եղել։ Այսպես, 2019-ին պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերի կեսից ավելին իրականացվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- ասված է հետազոտությունում։

Ինչն է հաշվարկվում որպես շինարարություն

Հետազոտությունում նշվում է, որ վերջին տարիներին շատ է խոսվում բնակարանային շինարարության ակտիվացման մասին և  ՀՆԱ-ում շինարարության դերի բարձրացման մասին։ Սակայն, ուսումնասիրելով 2008-2019 թթ. ՀՆԱ-ի կառուցվածքը, նկատելի է շինարարության դերի աստիճանական նվազում։ Ճիշտ է՝ որոշակի փոքր աճ նկատելի է շինարարության ավելացված արժեքի ծավալներում, օրինակ 2015-ին, 2017-ին, 2019-ին, սակայն այդ աճը զիջում է ՀՆԱ-ի աճին, ուստի և շինարարության կշիռը շարունակում է նվազել։ Մինչ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանում շինարարությունն ուներ չափազանց մեծ կշիռ ՀՆԱ-ում։ Նման կենտրոնացումը, ի դեպ, հենց պայմանավորեց 2009-ին ՀՆԱ-ի կտրուկ անկումը։

2020-ին համավարակով պայմանավորված՝ անկում են գրանցում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, սակայն հատկապես շատ է խոսվում շինարարության անկման մասին։

Հետազոտության հեղինակները, հղում անելով Վիճակագրական կոմիտեի տվյալներին, նշում են, որ ՀՆԱ-ում ներկայացված շինարարության ճյուղն ավելի շուտ արտացոլում է շինմոնտաժային աշխատանքների ծավալը (լրահաշվարկված չդիտարկվող տնտեսության գնահատականներով), քան թե շինարարության ծավալը։

«…սա պայմանավորված է ճյուղի առանձնահատկություններով և ՀՆԱ-ի հաշվառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով: Երկարաժամկետ արտադրական գործընթաց (ինչպես շինարարությունն է) ունեցող ոլորտներում կիրառվում է Work-in-progress սկզբունքը, երբ նախապես գնահատված թողարկման արժեքը հաշվառվում է ընթացիկ եռամսյակների կամ ամիսների ընթացքում։ Շինարարության վերջնական արդյունքը հաճախ շենքն է, որի կառուցումը կարող է տևել մի քանի տարի, իսկ ՀՆԱ-ի հաշվառման ժամանակահատվածը ավելի կարճ է՝ սովորաբար տարին և եռամսյակը», - ասված է հետազոտությունում։

Շինարարությունը և ՀՆԱ-ն

Այս տեսանկյունից էլ դիտարկվել է 2020 թվականի առաջին երկու եռամսյակի ՀՆԱ-ն և շինմոնտաժային աշխատանքների ամսական ծավալները։

«2020 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ի ծավալը նվազել է 5,7%-ով։ Ընդ որում, առաջին եռամսյակում 3,9% աճ էր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 13,7% անկում։ Այսպես, 5,7% անկման 1,5 տոկոսային կետը հենց շինարարության հաշվին է տեղի ունեցել։ Ընդ որում, շինարարությունն ամենամեծ անկում ունեցած ճյուղը չէ։ Հաշվի առնելով շինարարության մի փոքր ավելի մեծ կշիռը ՀՆԱ-ում երրորդ և չորրորդ եռամսյակներում, իսկապես, շինարարության դերը կարևոր է տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշի համար։ Այն, իհարկե, ամենակարևորը չէ (գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում տարվա 2-րդ եռամսյակում 2 անգամ ավելի մեծ է, քան շինարարությանը)», - նշում են հետազոտության հեղինակները:

Շինարարության ոլորտի առավել մեծ անկումը գրանցվել է 2020թ. ապրիլին, երբ շինարարական աշխատանքների ծավալը նվազել է 56%-ով նախորդ տարվա ապրիլի նկատմամբ։ Սա իհարկե առավելապես պայմանավորված է ապրիլին գործունեության սահմանափակումներով։

«Հատկանշական է, որ ապրիլից հետո ամսեամիս շինարարության տեմպերը նախորդ տարվա համեմատ բարելավվում են, չնայած դեռևս մնալով բացասական։ Չնայած յոթ ամսվա կուտակային ծավալը դեռևս 21,7%-ով ավելի ցածր է, քան 2019 թ․ ծավալը, սակայն, հաշվի առնելով ամսեամիս աճի բարելավումները՝ հարկ է սպասել տարեկան ավելի լավ ցուցանիշի։ Սակայն այստեղ, մեկ եթե կա։ 2019 թ․ կտրուկ աճել են դեկտեմբերին շինարարական աշխատանքների ծավալները։ Նման կտրուկ աճը պետական կապիտալ ծախսերի իրականացման հետևանք է եղել։ Այսպես 2019-ին պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերի կեսից ավելին իրականացվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Այսպիսով, եթե 2020 թ․ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերն իրականացվեն, ապա միանշանակ, շինարարության ոլորտի անկումը բավական փոքր կարող է լինել, ինչը նաև դրական կազդի ՀՆԱ-ի տեմպի վրա։ Այլապես, մեծ ռիսկ կա, որ ինչպես շինարարության, այնպես էլ ՀՆԱ-ի անկումը տարվա վերջում կարող է կտրուկ խորանալ (հաշվի առնելով անցած տարվա դեկտեմբերի բարձր ծավալները)»,- եզրափակում են հետազոտության հեղինակները։