16 սեպտեմբեր, 2020 14:56

Ովքեր են Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորները

Խորհրդարանը սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ նշանակեց Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորներին՝ Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին և Էդգար Շաթիրյանին։ Քվեարկությանը մասնակցեց միայն «Իմ քայլը»։  

Նոր դատավորների անցած ճանապարհը լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ է դարձել։ Քննադատները նշում են, որ հեղափոխական իշխանության՝ Սահմանադրական դատարանի կազմը փոխելու նպատակը բերեց զրոյական վերջնարդյունքով ելքի։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների մասնագիտական ուղին։

Երվանդ Խունդկարյան

Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվեց Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Խունդկարյանը դատական համակարգի հնաբնակներից է։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից՝ աշխատելով Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։ 

Խունդկարյանը 2001-2008-ին զբաղեցրել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավորի պաշտոնը։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» լրատվամիջոցների իրավունքների խախտման գործընթացի հետ։

2002-ին «Ա1+»-ը մասնակցում էր հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթին, որը տրամադրում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Հաղթող է ճանաչվում մեկ այլ ընկերություն, «Ա1+»-ը դադարում է հեռարձակվել։ Այնուհետև հեռուստաընկերությունը մասնակցում է ևս յոթ մրցույթի, և առանց հիմնավոր պատճառների՝ ստանում մերժում։

2002-ին դեկտեմբերին ՀՀ տնտեսական դատարանը՝ դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ, վարույթ է ընդունում «Ա1+» և «Նոյյան Տապան» ընկերությունների մրցակիցների («Դար-21», «ԱրմենԱկոբ», «TV-5», «Երևան», «Էվ») համատեղ հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի։ Մեկ տարի անց դատարանը մերժում է հայցը։

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը կայացրած վճիռները բողոքարկում է ՄԻԵԴ-ում, որն էլ 2008-ին վճռում է, որ Հայաստանի Հանրապետությունը հեռուստաընկերությանը պետք է փոխհատուցի ընդհանուր 30 հազար եվրո:

ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ ներպետական ատյաններում պարտության պատճառը դարձել է հենց Տնտեսական դատարանի եզրահանգումը։ Մասնավորապես, իրավական ակտում կարդում ենք. «2004 թ. ապրիլի 23-ին Վճռաբեկ դատարանը մերժում է այդ բողոքը` բառացիորեն կրկնելով Տնտեսական դատարանի համապատասխան եզրահանգումները և եզրակացնում, որ. «Նման պայմաններում նյութական իրավունքի խախտման հիմքով բերված բողոքում ներկայացված փաստարկները հիմնավորված չեն, քանի որ դրանք մանրամասն հերքվել են Տնտեսական դատարանի վճռի պատճառաբանական մասում»:

Խունդկարյանի անունը հիշատակվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախկին զեկույցներում։ 2006-ի տարեկան զեկույցում պաշտպանը մանրամասներ է ներկայացրել  Գյումրիի Շիրակշին բանավանի 400 բնակիչների դիմումների ուսումնասիրության արդյունքներից։ Ըստ դիմումատուների, իրենք դարձել են անօթևան և բնակվում են նախկին «Լենինգրադշին» կազմակերպության կառուցած «Մոդուլներ» կոչվող շինություններում: Հետագայում այդ մոդուլները հանձնվել են «Շիրակշին» ՓԲԸ-ին: 

«ՀՀ տնտեսական դատարանի վճռով «Շիրակշին» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, և ընկերության հաշվեկշռում եղած գույքը, այդ թվում՝ հիշյալ շինությունները, դրվել են աճուրդի՝ անտեսելով բնակիչների առկայությունը»,- ասված է զեկույցում։ Բացի այդ, պաշտպանը շեշտել է, որ դատարանը կարող էր բնակիչներին ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք, ինչը նույնպես չի արվել: Ըստ զեկույցի՝ ընկերության լուծարման մասին բնակիչները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ շինությունները դրվել են աճուրդի: 

2008-ին Երվանդ Խունդկարյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, իսկ 2010-ին՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: Նրա անունը հիշատակվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի արտահերթ զեկույցում  արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։ 

Զեկույցի մշակման նպատակով պաշտպանի գրասենյակը հարցազրույցներ էր անցկացրել շուրջ 120 ոլորտի մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ և այլ փորձագետներ: Բացի այդ, ուսումնասիրել էին արդարադատության խորհրդի որոշումները, Վճռաբեկ դատարանի վճիռներն ու փաստաբանների ներկայացրած դատական գործեր։

Արդյունքում պաշտպանի գրասենյակը վեր էր հանել կոռուպցիոն մի շարք սխեմաներ, մասնավորապես, պարզել էին, որ դատարաններում գործում են կաշառքի սակագներ։ Ըստ զեկույցի՝ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով։

Այս զեկույցում հիշատակվում է նաև Խունդկարյանի անունը. «Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ»,- գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։

ՄԻԵԴ վճիռներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» վերջերս հրապարակել էր «բարեվարքության թղթապանակներ»՝ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի վերաբերյալ։  

ՀԿ-ն պարզել է, որ Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ընդունված որոշումների առնչությամբ առկա են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներ, որոնք արձանագրել են սեփականության իրավունքի վերաբերյալ գործերով ՀՀ դատական համակարգի կողմից կայացված որոշումներում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ. «Դրանք առնչվում են Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում Թեղուտ-Շնող գյուղերի բնակիչների հողամասերի՝ բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ օտարմանը, ներառյալ՝ Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի, Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի, Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի, Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի, Պապոյանն ընդդեմ Հայաստանի, Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործերը»,- ասված է հրապարակման մեջ։

Երվանդ Խունդկարյանի գույքն ու եկամուտները

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնում Խունդկարյանի 2011-ի հայտարարագրի համաձայն՝ նրա կարողությունները կազմել են 6 հազար դոլար և 9 մլն դրամ։ 2014-ին նա 10 մլն դրամով գնել է «Lexus GX 470» մակնիշի մեքենա։ Դրամական միջոցները աճել են 2018-ից՝ նախորդ տարի կազմելով 24 մլն դրամ և 6 հազար դոլար։ Նրա որդին տատիկից ստացել է 2 մլն դրամ նվիրատվություն։ Խունդկարյանի կինն ունի 4 մլն դրամ կանխիկ գումար։ 

Արթուր Վաղարշյան

Առաջին անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնին ներկայացրեց 2019-ի մայիսին, նա, սակայն, չընտրվեց` 53 դեմ և 30 կողմ ձայների հարաբերակցությամբ։ 

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը գործունեություն է ծավալել Երևանի պետական համալսարանում։ Նա ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է։

2009-ին «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստներն իրականացրին «Կաշառակեր դասախոսներ» ակցիան։ Նրանք Երևանի կոնտրոնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ԵՊՀ-ի մոտակայքում փակցրել էին Երևանի պետական համալսարանի դասախոսների լուսանկարներ` «Կաշառակեր» գրությամբ: Արթուր Վաղարշյանի անունը այդ ցանկում ևս կար։ Ակցիան բուռն քննարկումների առարկա էր դարձել ԵՊՀ-ում, անգամ ռեկտորատի հատուկ նիստ էին գումարել` իրավիճակը քննարկելու համար: Նույն նիստի ժամանակ «Ազատության» հետ զրույցում իրավագիտության ֆակուլտերի դեկան Գագիկ Ղազինյանն ասել էր. «Իհարկե, կոռուպցիան կա, իհարկե, կաշառակերությունը կա, ինչպես հասարակության բոլոր ոլորտներում: Գտեք մի մաքուր մարդ, մաքուր ոլորտ... Գոյություն չունի` վերից վար և հորիզոնական: Սա է մեր հասարակությունը, ինչը շատ ցավալի է»:

Վաղարշյանի նախկին ուսանողները, ՍԴ դատավորի պաշտոնում նրա ընտրվելուց հետո, այս թեման հանել էին «ջրի երես»։ Մասնավորապես արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Արեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 15-ին գրել է. «Քանի որ արդեն էն երկու ՍԴ դատավորներից ահագին խոսվեց, ու հիմնականում Վաղարշյանի մասն ա մութ, ու քիչ ինֆո կա, կարամ ընդամենը մի բան ասեմ։ Ինքը մեր ֆակուլտետում դասավանդած եզակի փող վերցնող դասախոսներից էր, ու մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 100$ էին տվել։ Այ սենց աննախադեպ արդարադատություն ձեզ»։

Նույն գրառման տակ որոշ օգտարերեր նշել էին, որ «տարիֆներն իրականում տարբեր են եղել»։

2015-ի Սահմանադրական փոփոխություններից առաջ Վաղարշյանը հայտարարում էր, թե «բարեփոխումների անհրաժեշտություն կա», նա նաև պնդել էր, թե «Հայաստանի փրկության ելքը սահմանադրական միապետությունն է»։

Էդգար Շաթիրյան

Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն էր։ Մինչ այդ գործադիրում առաջադրել էին ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Սակայն «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից հետո Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից։

2002-2005-ին Շաթիրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը, 2007-ին եղել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, 2004-2017-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, 2015-ին նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ 

Այդ մարմինը հետագայում վերածվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ ԱԺ-ում 2019-ի նոյեմբերին քննարկվեց հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն հենց Էդգար Շաթիրյանն էր։ Նա ընտրվեց, հետագայում առաջադրվեց նաև այդ մարմնի նախագահի պաշտոնին, սակայն հանձնաժողովի ներսում ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը։ 

Դրանից հետո Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց նորաստեղծ հանձնաժողովի անդամի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե դա առնչություն չունի նույն մարմնի նախագահի պաշտոնում չընտրվելու հետ։

Էդգար Շաթիրյանի գույքն ու եկամուտները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը ստանձնելու 2015-ի հայտարարագրի համաձայն՝ Շաթիրյանն ունեցել է 1200 դոլար։ Վերջին` 2019-ի հայտարարագրումնա նշել է, որ դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ։ 

Սահմանադրական դատարանի ձևավորման ավարտը

Սահմանադրական դատարանում երեք թափուր պաշտոններ առաջացան Ազգային ժողովի կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո։ Խորհրդարանը փոխել էր Սահմանադրության անցումային դրույթներից մեկը`  213-րդ հոդվածը։ Այն ուժի մեջ մտավ հունիսի 22-ից և հանգեցրեց ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Վերջինս այժմ պաշտոնավարում է որպես դատավոր։ 

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությամբ համալրվել են այդ մարմնի թափուր տեղերը։ Դատարանն ունի ինը դատավոր։ Այնուհետև ՍԴ դատավորները պետք է ընտրեն նոր նախագահ, ներկայում՝ այդ լիազորությունը ժամանակավոր կատարում է դատավոր Աշոտ Խաչատրյանը։

Գևորգ Թոսունյան