17 սեպտեմբեր, 2020 10:00

Անթույլատրելի է, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական հարձակումների թիրախ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատմանը ադրբեջանական արձագանքին։ 

«Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։

Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, թե դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին՝ Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատման առնչությամբ՝ այն որակելով «ապօրինի վերաբնակեցում»։

#ՍիվիլՆեթ #Լուրեր