17 սեպտեմբեր, 2020 14:24

Կորոնավիրուսի վերարտադրողականության ցուցանիշն աճել է․ առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1,02․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Ըստ փոխնախարարի՝ այս ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածում՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։

«Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»,- գրել է նա։

Նանուշյանը հորդորել է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նշելով, որ հակառակ դեպքում կունենանք դեպքերի կտրուկ աճ։

***

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։