23 սեպտեմբեր, 2020 16:53

Արցախ․ Տող գյուղը պատրաստ է հյուրընկալության

Արցախի Տող գյուղը մեծ պատմություն ունի։ 16–րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք։ 10-րդ դարում գյուղը ունեցել է տասը հազար բնակիչ։ 


Զախարյանների ընտանիքը՝ վերադառնալով հայրենի գյուղ, որոշել է նպաստել գյուղի զբոսաշրջության զարգացմանն ու աշխարհին ցույց տալ Տողի պատմական հարստությունը։ Այդ նկատառումներից ելնելով՝ նրանք գնել են մի հին տուն, վերանորոգել և դարձրել հյուրատուն։ ՍիվիլՆեթն այցելել է «Մարո» հյուրատուն և զրուցել Զախարյանների ընտանիքի հետ։ 


Հյուրատունը կրում է հիմնադիր Սերգեյ Զախարյանի տատիկի անունը։ Նա գյուղում ուսուցչուհի է եղել, սիրել է երեխաներին և մի քանի սերունդ է դաստիարակել։ Գյուղում Մարոն հայտնի էր որպես հյուրընկալ կին, որի դռները միշտ բաց էին բոլորի համար։ Հենց այդ պատճառով էլ հյուրատունն անվանել են նրա անունով։


Սերգեյ Զախարյանի խոսքով՝ հյուրատան գնացուցակը կազմված է այնպես, որ ցանկացած մարդ կարողանա իրեն թույլ տալ այցելել Տող գյուղ, գիշերել, հանգստանալ և ճամփորդությունը շարունակել գյուղի շրջակայքում։ 


Տանտիկին Աննան ասում է․ «Գիտե՞ք՝ մենք այնքան մեծ գումար ենք ներդրել այս գործի մեջ, որ, երևի, պետք է հարյուր տարի աշխատենք, որ զրոյացնենք դա։ Սակայն մեր առաջնային նպատակը գումարը չէ։ Իհարկե, մեր ծառայությունները վճարովի են, բայց մեր ցանկությունն այն է, որ մեր ներդրումը ունենանք գյուղի ճանաչելիության և զարգացման մեջ»։ 


Հյուրատան ամբողջ աշխատանքը կազմակերպում է ընտանիքն իր ուժերով։ Տարածքում կա նաև փոքրիկ այգի, որտեղ հյուրերը կարող են օգտվել էկոլոգիապես մաքուր սննդից։ Այցելուներին հայտնի է Աննայի պատրաստած հայկական գաթան, որը, կարծես, հյուրատան այցեքարտն է դարձել։ 


Աննան և Սերգեյը հանդիպել են Երևանում, իսկ Աննան մեծացել է Ռուսասատնում։ Երկուսի արմատներն էլ հասնում են Տող, սակայն դրա մասին նրանք իմացել են ամուսնությունից հետո միայն։