23 սեպտեմբեր, 2020 13:50

Դրամաշնորհներ և վարձատրություն Սորոսի հիմնադրամից․ Հայկ Ալումյանի չներկայացրած հայտարարագրերի շուրջ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինը տարի չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է ու, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նրա ամուսինը,  որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ալումյանի ներկայացրած որևէ հայտարարագիր առկա չէ։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել հանձնաժողովին՝ պարզելու, թե ինչ հիմքով Ալումյանը չի ներկայացրել հայտարարագիր և ինչու վարույթ չի սկսվել այս հարցով։ Ի պատասխան՝ հանձնաժողովը հաստատել է, որ Ալումյանը հայտարարագիր չի ներկայացրել, ապա հայտնել, որ գրություն է ուղարկել Ալումյանին՝ պարզաբանումներ ստանալու հայտարարագիր չներկայացնելու հիմքերի մասին։ 

Ալումյանը մեջբերել է Փաստաբանության մասին օրենքի 25-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանական գաղտնիքին ու հանձնաժողովին հայտնել է, որ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է չհրապարակել։ Հանձնաժողովը պատասխան գրությամբ  Ալումյանին պարզաբանել է, որ նա ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, ու փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն լրացնելու պահանջ սահմանված չէ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայկ Ալումյանի կողմից հանձնաժողովի պարզաբանումը ստանալուց հետո  հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կներկայացնի վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու գործընթաց»,- ՍիվիլՆեթին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ արդեն ծանուցում են ուղարկել փաստաբանին՝ ևս մեկ անգամ ժամկետ տրամադրելով հայտարարագիր ներկայացնելու համար, և դեռ պատասխան չեն ստացել։ Հայտարարագիրը չստանալու դեպքում հանձնաժողովը վարչական վարույթ է սկսելու, որը կարող է հետագայում նաև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։ 

Ըստ քրեական օրենսգրքի 314.2 հոդվածի՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ եթե 30-օրյա ընթացքում հայտարարատուն դարձյալ այն չի ներկայացնում, ապա կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն՝ կամ տուգանքի տեսքով կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։ 

Ալումյանից, սակայն, պահանջվում է ներկայացնել ոչ թե ինը տարիների հայտարարագրերը, այլ միայն 2019 թվականինը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը սա բացատրեց համապատասխան օրենսդրական կարգավորումով։ «Մեր հիմնական նպատակը կանխարգելելն է ու կանխարգելման ներքո անհրաժեշտ է անձին հնարավորություն ընձեռել, որ նրա կողմից թերացումը շտկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջանքեր են գործադրում Ալումյանի պարկեշտ վարքագիծն ապահովելու համար։ Հարությունյանը չի ցանկանում պատասխանել հարցերին, թե ինչու է Ալումյանը եղել «արտոնյալ», ինչու վերջինիս հայտարարագրի բացակայությունը հարցեր չի առաջացրել հանձնաժողովում և այլն։ Ըստ նրա՝ հարցի հասցեատերը հանձնաժողովի նախորդ կազմն է։ 

Հայկ Ալումյանը՝ հայտարարագիր չներկայացնելու մասին 

Փաստաբան Հայկ Ալումյանը ՍիվիլՆեթին ասաց՝ հանձնաժողվն իրեն դիմել է հայտարարագիր ներկայացնելու համար, որին ինքը պատասխանել է, ու ներկայում գրագրության մեջ են. «Հուսով եմ իրենց կկարողանամ ապացուցել, որ օրենքը այն վիճակով, որով գոյություն ունի, չի կարող տարածվել ինձ վրա՝ որպես ընտանիքի անդամի»,- հայտնեց Ալումյանը։ Նա, ըստ ամենայնի, նկատի ունի Հանրային ծառայության օրենքի 2-րդ հոդվածը, որտեղ թվարկված են այն պաշտոնատար անձինք, որոնց վրա տարածվում է օրենքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ներկայացված է նույն օրենքի այլ գլխով և այդ հատվածում արդեն նկարագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը։ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ փաստաբանական գաղտնիքի հետ կապված խնդիրը ևս դրել է հայտարարագիր չներկայացնելու հիմքում։ 

Ալումյանն ու  «Սորոսի հիմնադրամը» 

Հայկ Ալումյանը երկար տարիներ համագործակցել է Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամի հետ։ Ներկայում նրա պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատում է այս հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, գուժում, որ «երկիրը տանում են դեպի սորոսիզացիա»։ 2019-ի մարտին Ալումյանը հաստատել էր, որ դրամաշնորհներ է ստացել Բաց հասարակության հիմնադրամից՝ Մատաղիսի և Աշոտ Հարությունյանի գործերի հետ կապված վճարների համար։ Բացի դրամաշնորհներից, Ալումյանը 2008-2019 թթ․ համագործակցել է հիմնադրամի հետ՝ քրեական արդարադատության ծրագրի շրջանակներում։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Բաց հասարակության հիմնադրամից։ 

«Պրն Ալումյանը մասնակցել է Հիմնադրամի Ռազմավարական դատավարության ծրագրի իրականացման աշխատանքներին, և այդ ծրագրի շրջանակներում իրականացրել է թե բուն գործերի վարում, թե խորհրդատվական աշխատանք։ Պրն Ալումյանը հանդիսացել է նաև Հիմնադրամի նախաձեռնած Արդարադատության խմբի անդամ և մասնագիտական մեծ ներդրում է ունեցել այդ խմբի աշխատանքներում 2014-2019 թթ․։ Հիմնադրամի Արդարադատության խումբը փորձագետների խումբ է, որը մշակում և պետական, միջազգային, փորձագիտական և լայն հանրությանն է ներկայացնում մասնագիտական կարծիքներ Հայաստանի իրավական, օրենսդրական միջավայրում տեղի ունեցող տարբեր գործընթացների շուրջ։ Արդարադատության խումբը կարծիքներ է տալիս Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի բարելավման հետ կապված տարբեր հարցերի շուրջ, ներառյալ օրենսդրական և պրակտիկ դրսևորումները։ Պրն Ալումյանը համագործակցել է Հիմնադրամի հետ խոշտանգումների, վատ և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարելու նախաձեռնություններում և Հիմնադրամի աջակցությամբ մշակել է հատուկ դասընթաց այդ հարցերի շուրջ և դասավանդել է այն ՀՀ Փաստաբանների պալատում»,- պատասխանել են Սիվիլնեթին ԲՀՀ-ից՝ Ալումյանին շնորհակալություն հայտնելով մասնագիտական ներդրման համար։ 

Մկրտիչ Կարապետյան