23 սեպտեմբեր, 2020 10:00

Վեդիի ջրամբարը. ոռոգման համակարգի հին ու նոր խնդիրները

Գոհար Ստեփանյան

Վեդիի թանկարժեք ջրամբարի շինարարությունը գյուղատնտեսական նշանակության տեսակետից հարցեր է առաջացնում, սակայն կառավարությունը սկսել է շինարարական աշխատանքները՝ 75 մլն եվրոյով ավելացնելով երկրի պարտքային բեռը:

Վեդիի ջրամբարը

Հայաստանում մինչև անկախացումը կառուցվել է մոտ 85 մեծ ու փոքր ջրամբար՝ 1,4 մլրդ խմ տարողությամբ. ջրամբարները հիմնականում գործող են: Վերջին տարիների ոռոգման համակարգի ոչ այնքան մխիթարական վիճակը, որն ուներ օբյեկտիվ և սյուբյեկտիվ պատճառներ՝ առաջ բերեց նոր ջրամբարներ ունենալու գաղափարը: Նախնական ուրվագծվեց կիսակառույց Եղվարդի, նաև Վեդիի, Մաստարայի և Կապսի ջրամբարները:

Ներկա փուլում Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, կառուցվում է Վեդիի ջրամբարը: Հայաստանի տարածքային զարգացման հիմանդրամի Ջրային տնտեսության ԾԻԳ-ից տեղեկացնում են, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում ջրամբար տարեկան կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար:

Ջրամբարի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: 75 մլն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 15 մլն եվրոն տրամարդում է ՀՀ կառավարությունը: Վարկը տրամարդվել է վեց տարի արտոնյալ ժամկետով և մեկ տոկոս տոկոսադրույքով: Ջրամբարի շինարարությունը սկսվել է 2017-ին և, ըստ պայմանագրի, կավարտվի 2021-ին, թեև երբեմն նշվում է նաև 2022-ը:

Նշենք, որ տարբեր հատվածներում լիազոր մարմինը Վեդու ջրամբարի հավանական ծավալի վերաբերյալ տվել է տարբեր թվեր:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) Ջրային տնտեսության ԾԻԳ-ից  տեղեկացնում են, որ ներկայում կառուցվում են Վեդի ջրամբարի երկու պատվարները` 85 մ և 14 մ, ցեմենտացիոն վարագույրը, վարարային ջրհեռը և ոռոգման ջրանցքը: Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցվել են ջրառ հանգույցներ, տեղադրվել է 10,5 կմ երկարությամբ խողովակաշար, կառուցվել է Վեդիի ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող և ընդհանուր 36,2 կմ երկարությամբ խողովակաշարը:

Ոռոգվող ութ համայնքները

Ջրային տնտեսության ԾԻԳ-ից տեղեկացնում են նաև, որ ութ համայնքներում 3 200 հեկտարը կոռոգվի ինքնահոս եղանակով: Այն կապահովի Արարատյան դաշտի ավելի քան 4 000 հա հողակտորների ոռոգումը, այդ թվում 2 800 հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով:

Ի դեպ, Վեդիի ջրամբարից ինքնահոս եղանակով ոռոգվող հողատարածքների վերաբերյալ տեղեկությունները տարբեր են` 2 800 հա-ից մինչև 3 200 հա, իսկ ջրամբարի կառուցման շեշտը դրվում է հենց մեխանիկականը ինքնահոս եղանակով փոխելու հարցի վրա, որ էլէներգիա չօգտագործվի: Անպատասխան է հարցը, թե ինչու են այդքան կարևոր թվերը տարբեր:

Լիազոր մարմնի տրամադրած վերջին տվյալներով՝ Վեդիի ջրամբարի տիրույթում ութ համայնքների ավելի քան 2 900 հա հողատարածքները ներկայում ոռոգվում են պոմպակայանների միջոցով, որոնցից ութը ջրառ են կատարում Արտաշատի մայր ջրանցքից։ Արտաշատի մայր ջրանցքը սկիզբ է առնում Հրազդան գետից, սնուցվում է Սևանա լճից և դոտացիա ստանում Մխչյանի պոմպակայանից։  

Ութ համայնքների ոռոգման հարցը

Կա՞ր արդյոք Վեդիի ջրամբարի կառուցման անհրաժեշտությունը, և եթե կար՝ ինչպես էին նախկինում ոռոգվում այդ ութ գյուղերը, որոնք պետք է ապագայում օգտվեն Վեդիի ջրամբարի ջրից:

Արարատի մարզի ութ համայնքները, որոնք ոռոգվելու են Վեդիի ջրամբարից, հետևյալն են․ Ուրցաձոր, որը ներառում է Շաղափ և Լանջանիստ համայնքները, Ավշար, Դաշտաքար, Գոռավան, Փոքր Վեդի, Նոյակերտ, Այգեվան և Արարատ:

Ուրցաձոր` Շաղափ և Լանջանիստ համայնքներով. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 5 944 հա:

Ավշար. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1 410 հա:

Դաշտաքար. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են  277 հա:

Գոռավան. Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 390 հա:

Փոքր Վեդի. գյուղի մշակովի տարածքը կազմում է 780 հա: Վարելահող` 507 հա:

Նոյակերտ. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1 450 հա:

Այգավան. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա:

Այգավանի գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%-ը: Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ՝ համապատասխանաբար կազմելով 65 հա և 169,9 հա: Վարելահողերը զբաղեցնում են 3 627 հա:

Արարատ գյուղ. ոռոգումը կատարվում է Ազատ և Արաքս գետերի ջրերով:

Արտաշատ ՋՕԸ-ի ժամանակավոր պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը փոխանցում է, որ Ուրցաձոր համայնքին է միայն ինքնահոս եղանակով ջուր մատակարարվում, իսկ Փոքր Վեդի, Գոռավան, Դաշտաքար, Ավշար համայնքները և՛ ինքնահոս, և՛ մեխանիկական եղանակով են ոռոգվում: Ոռոգման խնդիրներ ոչ մի համայնքում չկա, ընթացիկ խնդիրներ երբեմն առաջանում են, որոնք տեղում լուծվում են:

Արարատ գյուղը ոռոգվում է Ազատ և Արաքս գետի ջրերով:

Վեդիի ջրամբարի սեյսմաանվտանագությունը

Հաշվի առնելով, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է, հերթական ջրամբարի կառուցման գործում ևս նկատի են ունեցել սեյսմիկ անվտանգության հարցերը:

Ջրային ԾԻԳ-ից հաղորդում են, որ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի սեյսմիկ ռիսկը վերանայվել է, և այժմ Հայաստանի տարածքը բաժանված է սեյսմիկ չորս գոտիների` I կարգից (ամենացածր ռիսկ) մինչև IV կարգ (ամենամեծ ռիսկ): Ծրագրի տարածքը III գոտու հյուսիսարևելյան մասերում է:

Պատվարի նախագծի համար ամենից կարևոր չափորոշիչը բնահողի գագաթային արագացումն է կամ՝ PGA-ը: Վեդիի պատվարի համար առավելագույն թույլատրելի երկրաշարժի (ԱԹԵ-MCE) համար PGA-ը գնահատվել է առավելագույն 0,50 g: 

Պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծային լուծումները մշակվել են՝ հաշվի առնելով սեյսմիկ գոտու և առավելագույն արագացման պահանջները (գնահատվում է 9- 10 բալ)։ Ըստ այդմ, նախատեսվել է կառուցել քարահողային պատվար, որն առավել սեյսմակայուն է:

Վեդիի ջրամբարի սեյսմիկ անվտանգության վերաբերյալ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանն ասում է, որ Հայաստանի ջրամբարաշինության պատմության մեջ մի օրինակ ունենք, երբ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո չունեցանք որևէ պատվարի փլուզում կան լուրջ վնասվածք: Այսինքն՝ նախագծման, շինարարության, շահագործման և պահպանման ճիշտ իրականացման պայմաններում անգամ Հայաստանի նման բարձր սեյսմիկության տարածքում կարելի է ունենալ սեյսմակայուն կառուցվածքներ՝ ներառյալ Վեդիի պատվարը:

«Բացի այդ, Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել և խստացվել են Հայաստանում գործող չափանիշները, որոնք և հիմք են ծառայում ներկայումս նախագծվող օբյեկտների համար: Տեխնիկական և մասնագիտական հարցերում, կարծում եմ, մտավախությունը ճիշտ վերաբերմունք չէ, քանի որ յուրաքանչյուր նման հարց պահանջում է մասնագիտական հիմնավոր գնահատական»,- ասում է նա և հավելում, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելու առումով, ցանկացած անթրոպոգեն կամ մարդածին գործունեություն ենթադրում է ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Նա գտնում է, որ պետք է գնահատել գործունեության անհրաժեշտությունը, նպատակայնությունը, ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակությունը և դրական արդյունքից հետո իրականացնել բոլոր հնարավոր բնապահպանական միջոցառումները՝ բացասական ազդեցությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ:

Ջրամբարի ձկնուղիների խնդիրը

Օրերս ֆեյսբուքյան տիրույթում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ներկայացվում էր Վեդիի ջրընդունիչ կայանի հատվածը, որտեղով գետի ձկները չէին կարողանում բարձրանալ գետն ի վեր:

Ջրային տնտեսության ԾԻԳ-ից մեր հարցմանն ի պատասխան նշում են, որ ձկների և ջրային էկոհամակարգերի վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններն իրականացրել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող կ.գ.թ Տիգրան Վարդանյանը:

Ձկնաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրված գետերն ունեն ձկների գրեթե նույն տեսակային կազմը, որի մեջ գերակշռում են տառեխիկները՝ հանդիսանալով ավելի կենսակայուն ձկնատեսակ։ 

Ձկների վերարտադրությունն ու միգրացիան ապահովելու համար ուսումնասիրվել են նաև անհրաժեշտ հիդրոլոգիական պայմանները, որոնք հաշվի են առնվել ձկնուղիների նախագծման ժամանակ։

Թեև նշվում է, որ «ձկները կարող են անցնել», սակայն տեսանյութից ակնհայտ է, որ ձկները ձկնուղին դեռ չեն «հայտնագործել»:

Խոսրովի պետական արգելոցի էկոտուրիզմի, գիտության բաժնի վարիչ Սմբատ Ղարիբյանը նշում է՝ Վեդի գետի ջրընդունիչ կայանը, որ ջուրը հավաքելով գալիս է ջրամբար, խնդիրներ է առաջացնում ձկան տեղաշարժի համար: Ձուկը չի կարողանում բարձրանալ վերև:

«Կառուցված կա ձկնուղիով, սակայն ձուկը ձկնուղիով չի բարձանում: Նաև ամբարտակ է կառուցված, սակայն ձուկը ամբարտակով չի կարողանում գնալ. ամբարտակը 3 մետր բարձրություն ունի», - ասում է նա և հավելում, որ մանրաձուկը մնալով ներքևում ոչնչանում է, քանի որ չի կարողանում բարձրանալ ավելի ջրառատ գետի հատվածները: Գետում 9 ձկնատեսակ կա. «Եթե այսպես շարունակվի Վեդի գետում ձուկ չի մնա: Չկա ձուկ, չկա խնդիր»:

Նշենք, որ լիազոր մարմնից փոխանցում են, որ Վեդի ջրամբարի, օժանդակ կառուցվածքների և ջրառ հանգույցների նախագծային փաստաթղթերը մշակվել են միջազգային «Արտելիա» կազմակերպության կողմից՝ միջազգային, ՀՀ գործող ստանդարտների և շինարարական նորմերին համապատասխան։ 

Վերոնշյալից հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր էր ոռոգման աշխատանքներն ավելի հմուտ կազմակերպել` խուսափելու թանկարժեք վարկերից և պարտքային բեռի ավելացումից: 

Ոռոգման համակարգում դեռևս շրջանառվում է 44 տոկոս ջրակորուստները, ջրաչափման խնդիրները: Երկրի ներսում ձևավորվող ընդհանուր գետային հոսքը գնահատվում է 6,8 մլրդ խորանարդ մետր և նշվում, որ ՀՀ ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար: Միևնույն ժամանակ Հայաստանը ջրամբարներ է կառուցում և ջրակորուստները չեն նվազում, իսկ ոռոգման խնդիրները դեռևս շարունակվում են՝ ինչո՞ւ:

Լուսանկարում՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը, լուսանկարը՝ Hetq.am-ից