24 սեպտեմբեր, 2020 17:11

Մետաղի ջարդոնի արտահանումը կսահմանափակվի

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է սահմանափակել Հայաստանից սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։ 

«Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն և ջարդոնի և թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Նախարարությունը այս որոշման անհրաժեշտությունը հիմնավորել է այն հնարավորությամբ, որ ներմուծված հումքով աշխատելու դեպքում մետաղի ջարդոնից օգտվող ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ։ 

2017-ին արտահանվել է 8 000 տոննա սև մետաղից թափոն, 2 500 տոննա պղնձի թափոն, 2 000 տոննա ալյումինի թափոն ու ջարդոն։ 

2018-ին արտահանվել է ավելի քան 12 000 տոննա մետաղի ջարդոն։