24 սեպտեմբեր, 2020 14:21

Ռոհանին ուշացումով շնորհավորեց Հայաստանի նախագահին ու վարչապետին Անկախության օրվա առթիվ

Իրանի նախագահը սեպտեմբերի 24-ին շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության տոնի առթիվ: 

Ինչպես հայտնում է parstoday.com-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Հասան Ռոհանին նշում է. «Հուսով եմ, որ նկատի առնելով պատմական, մշակութային, ու հասարակական կապերը՝ Իրանի ու Հայաստանի պատասխանատուների ջանքերով երկու երկրների ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ համագործակցության ընդլայնման ականատեսը կլինենք»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում Իրանի նախագահը հստակեցրել է. «Անկասկած մշակութային, հասարակական ընդհանրությունները ու բարեկամական կապերը նպաստավոր հող է պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար և երկու երկրների ժողովուրդները կարողանալու են կառուցողական ու բարեկամական հարաբերությունների հարցով օրինակ ծառայել աշխարհի երկրներին»:

Ռոհանին հույս է հայտնել, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի պաշտոնատար անձանց «սերտ և բարեկամական ջանքերի ու փոխհարաբերությունների լույսի ներքո կտեսնենք երկու ժողովուրդների բարեկեցության պայծառ ապագան»: