24 սեպտեմբեր, 2020 12:52

Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումն այժմ մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության կուրսից․ զեկույց 

Ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը զեկույց է հրապարակել՝ «Դաշնակիցներ» վերնագրով, որում վերլուծում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների հարաբերությունները։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումն այժմ մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության հետագա քայլերից և կուրսից։ 

Զեկույցը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգանում են, նաև միջազգային համագործակցության ասպարեզում, այդուհանդերձ այդ հարաբերությունները զերծ չեն խնդիրներից․ «Զգացնել են տալիս տրանսպորտային հաղորդակցության բարդությունները, ժամանակ առ ժամանակ սրվում են տարբեր տնտեսական հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ռուսական գազի մատակարարման գնագոյացումը»:  

Զեկույցը փաստում է, որ Հայաստանը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից է, որը սերտ ռազմաքաղաքական և տնտեսական կապեր է պահպանում Ռուսաստանի հետ։ Երկիրը ՀԱՊԿ անդամ է այդ ռազմաքաղաքական միության ստեղծումից ի վեր, ինչպես նաև անդամակցում է ԵԱՏՄ-ին։   

Ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում հիմնաքարային նշանակություն ունի 1997թ.օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը: Ընդհանուր առմամբ երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր: Բացի այդ, Ռուսաստանը հանդիսանում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահը և ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Տնտեսական առանցքը

Զեկույցը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, իսկ այնպիսի ռուսական ընկերությունների դուստր կառույցները, ինչպիսիք են «Գազպրոմ»-ը, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Ռոսնֆտ»-ը, «Ռուսալ»-ը, առանցքային տեղ ունեն ենթակառուցվածքների և հանրապետության արդյունաբերության ոլորտներում: 

2018-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատել է ավելի քան 1300 ռուսական ընկերություն, իսկ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 4 մլրդ դոլարը՝ կազմելով Հայաստանի բոլոր օտարերկրյա ներդրումների շուրջ 40 տոկոսը: 

Երկու երկրների տնտեսությունների անհամեմատելի չափերի պատճառով ռուսական արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը մնում է աննշան և, 2019-ի տվյալներով, կազմում է ամբողջ ծավալի 0,38 տոկոսը: Սակայն ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ այդ մասնաբաժինը աստիճանաբար ավելանում է․ 2018-ին այն կազմում էր ընդամենը 0,29 տոկոս։ Համապատասխանաբար, եթե 2018-ին Հայաստանը 48-րդ տեղն էր զբաղեցնում ՌԴ արտաքին առևտրաշրջանառության մեջ, ապա 2019-ին արդեն 45-րդ տեղում է եղել։ 

Ռուսաստանի և Հայաստանի առևտրային բալանսն իր բնութագրերով նման է Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռին և բնութագրվում է դեպի Հայաստան ռուսական արտահանման գերազանցմամբ։ 2019-ին ռուսական արտահանումը կազմել է 1,68 մլրդ դոլար, որն կրկնակի ավելի է դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալը (830 մլն դոլար):

Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ դեր են խաղում Ռուսաստանում ապրող և աշխատող հայերը։ 2010-ին մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվող հայերի թիվը գերազանցել է 1,18 միլիոն։ Իհարկե, նրանցից ոչ բոլորն են պահպանել և պահպանում Հայաստանի հետ իրական կապերը, բայց ամեն դեպքում հայկական նման խոշոր սփյուռքն անխուսափելիորեն անդրադառնում է երկրների միջև մշակութային, տնտեսական և, ի վերջո, քաղաքական հարաբերությունների վրա։

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019-ի առաջին կիսամյակում միգրացիոն հաշվառման է կանգնել 304 հազար ՀՀ քաղաքացի։ Նրանցից ավելի քան 106 000-ը որպես մուտքի պատճառ նշել է աշխատանքը։ Ըստ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ղեկավարի, առանձին տարիների միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը հասել է 2 մլրդ դոլարի, որը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի մոտ 20%-ը։ Ընդ որում, փոխանցումների 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանում հայ միգրանտներին։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ կապերը Հանրապետության տնտեսությանն աջակցող հիմնասյուներից մեկն են։

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասն են կազմում, քանի որ երկրների միջև գործում է անայցագիր ռեժիմ (տարեկան 180 օրից ոչ ավելի ժամանակով մուտք գործելիս)։ Երևան և Գյումրի միջազգային օդանավակայաններով Հայաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի համար բավական է ռուսական ներքին անձնագրերի առկայությունը։

Ռազմական առանցքը

Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ամենակարևոր բաղադրիչն է ռուսական ռազմական ներկայությունը հանրապետության տարածքում։

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանը ներառում է մշտական ցամաքային և օդային բաղադրիչներ:

Այսպես, դրա ավիացիոն բաղադրիչը՝ 3624-րդ ավիացիոն բազան, ներառում է 18 ՄիԳ-29 կործանիչ, որոնք, ենթադրվում է, կփոխարինվեն Սու-30ՍՄ84-ով, ինչպես նաև 14 Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներով: Բազայի հակաօդային պաշտպանությունն ապահովում է 988-րդ զենիթահրթիռային գունդը՝ մեծ հեռահարության Ս-300Վ ԶՀՀ-ների երկու դիվիզիոնների և միջին հեռահարության Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ների մեկ դիվիզիոնի կազմում:

Բացի այդ, 102-րդ բազայի կազմի մեջ են մտնում երեք մոտոհրաձգային գումարտակներ, մեկ տանկային գումարտակ, մեկ հետախուզական գումարտակ, երկու ինքնագնաց հրետանային դիվիզիոն, մեկ ռեակտիվ հրետանային դիվիզիոն, հակատանկային դիվիզիոն, ինչպես նաև մեկ ինժեներա-սակրավոր գումարտակ, կապի գումարտակ, նյութական ապահովման գումարտակ և մի առանձին վաշտ: Հայաստանում գործում է ռուսական 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ, որը սպասարկում է ռազմաբազայի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին:

102-րդ ռուսական ռազմաբազան հայկական 5-րդ բանակային կորպուսի հետ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում: Միավորված խմբավորման մասին դրույթի համաձայն՝ նրա խնդիրներն են՝ Ռուսաստանի և Հայաստանի դեմ անմիջական նախապատրաստության բացումն ու ագրեսիայի արտացոլումը տարածաշրջանի սահմաններում, երկու երկրների պետական սահմանների պաշտպանությունը, զբաղեցրած շրջանների, սահմանների, դիրքերի և օբյեկտների պահպանումը:

Հայաստանում ռուսական զորախմբի ընդհանուր թվաքանակը կազմում է 4-5 հազար մարդ։ 2010-ին Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին միջպետական պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2044-ը: Առաջիկա տարիներին նախատեսվում է ավելացնել 102-րդ ռուսական ռազմակայանի մարտական ներուժը՝ այն սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված նմուշներով համալրելու հաշվին:

Բացի այդ, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության 4 500 զինծառայողներ շարունակում են մասնակցել Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանությանը: Դրանք կազմակերպչական առումով բաժանված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում տեղակայված չորս սահմանապահ ջոկատների, կա նաև առանձին հսկիչ-անցագրային կետ Երևանի միջազգային օդանավակայանում: Հայաստանում ռուս սահմանապահների պահումն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից։

Հիմնական եզրահանգումները

Սխալ կլիներ կարծել, որ ռուս-հայկական հարաբերությունները ընդհանրապես զուրկ են խնդիրներից։ Զգացնել են տալիս տրանսպորտային հաղորդակցության բարդությունները, ժամանակ առ ժամանակ սրվում են տարբեր տնտեսական հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ռուսական բնական գազի մատակարարման գնագոյացումը։ Անկասկած, ազդեցություն է գործում, և ղարաբաղյան չլուծված հակամարտությունը։

Մոսկվան ձգտում է հարաբերությունները զարգացնել ոչ միայն Երևանի, այլև Բաքվի հետ, ուստի Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում փխրուն հավասարակշռության պահպանումը մեծ ջանքեր և զգուշավորություն է պահանջում:

Ադրբեջանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական սպառազինության խոշոր գնորդ, և ՀԱՊԿ-ի դաշնակիցների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները Հայաստանում առաջացնում են դժգոհություններ, որոնք սաստկացել են 2016-ի ապրիլին հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած մարտերից հետո:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, այդ հարաբերությունները «դիմացան նաև 2018-ին Հայաստանում ընդդիմադիր ուժերի իշխանության գալուց հետո» (չի օգտագործվում «հեղափոխություն» բառը)։ Դրա վկայությունը, ըստ զեկույցի, տարբեր նախագծերի շարունակական իրականացումը, ինչպես նաև ներռուսաստանյան գներով սպառազինությունների մատակարարումների շարունակումն է։ Հարաբերությունների և միության հետագա զարգացումն այժմ մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության հետագա քայլերից և կուրսից։

․․․

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը Ռուսաստանի առաջատար գիտահետազոտական կազմակերպություններից է, որը զբաղվում է պաշտպանության և անվտանգության ոլորտում հարցերի լայն շրջանակի ուսումնասիրությամբ: Դրանցից են երկրների զինված ուժերի կառուցվածքը և վիճակը, ռազմական արդյունաբերությունը, ռազմատեխնիկական համագործակցությունը և այլն: Կառույցը հիմնադրվել է 1997-ին:

Գեղեցիկ Ոսկանյան