24 սեպտեմբեր, 2020 14:58

Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ

Կենտրոնական բանկը հույս ունի, որ ԱԺ-ն օրենսդրական կարգավորումներով կվերացնի վարկավորման գովազդը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

«Երկու հարց ունենք, որ հուսով ենք՝ ԱԺ-ն ապագայում կլուծի: Մեկը՝ վարկավորման գովազդը պետք է վերացվի: Երկրորդ՝ իրավապահները պետք է աշխատեն, որպեսզի կարողանան առցանց, անօրինական, չլիցենզավորված, նաև միջնորդների միջոցով վարկային առաջարկները վերացնել»,- ասել է Ներսես Երիցյանը։ ԿԲ փոխնախագահը մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և վարկային այլ հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներին:

Երիցյանի խոսքով՝ վարկավորման գովազդը շատ լուրջ խնդիր է և մրցակցային լուրջ մարտահրավերներ է առաջացնում, նաև՝ վարկավորման կարգապահության հետ կապված։

ԿԲ-ն, ըստ Երիցյանի, ներկայում կանոնակարգերն է խստացնում, որ երբ մարդը հաշիվ չունի, ավանդ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա ու, օրինակ, լվացքի մեքենայի վարկ վերցնի: