25 սեպտեմբեր, 2020 13:25

Խտրականություն է ցուցաբերվում, կարծում է Ծառուկյանի փաստաբանը

Քանի որ մեկ շաբաթ էր՝ սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում էր, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որպեսզի հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս տեղեկությունները հետագայում հաստատվեցին որոշակի օբյեկտիվ փաստական տվյալներով. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի փաստաբանը պնդում է՝ գործում ակնհայտ շահագրգռվածություն կա ամեն ինչ արագացնելու:

«Վճռաբեկ բողոքը, ըստ էության, մերժվել է ընդամենը երեք օրում, այսինքն բողոքը մուտքագրվել է դատարան սեպտեմբերի 7-ին, սեպտեմբերի 10-ին Վճռաբեկ դատաանը արդեն մերժել է բողոքը, ինչը բացառիկ երևույթ է: Եթե իրավաբաններին, պրակտիկայով զբաղվող անձանց հարցնեք՝ եռամսյա ժամկետ ունի վճռաբեկ դատարանը, և ի՞նչ է անում. փորձը ցույց է տալիս, որ երկրորդ, երրորդ ամսվա մեջ նոր այս որոշումները կայացվում են, բացառիկ դեպքերում մեկ ամսվա ընթացքում, բայց եռօրյա ժամկետը, այն դեպքում, երբ ութ հատոր գործ կար ուսումնասիրելու և նաև նախորդ նիստերի արձանագրությունները հիսուն թերթանոց բողոք պետք է ուսումնասիրեին, մի բան պարզ էր, որ այստեղ ակնհայտ շահագրգռվածություն կա»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վայբերով ծանուցման մասին հետագայում են իմացել: 

«Պարզվում է, որ սեպտեմբերի 23-ին նիստը հետաձգելուց հետո էլ որոշվել է, որ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների միջոցով այս ամեն ինչը պետք է ծանուցումներով ամսի 25-ի համար տեղ հասցնեն. երևի այս մարմնի ֆունկցիոնալ պարտականությունները այդքան էլ լավ չեն պատկերացնում»,- նշել է Ծառուկյանի փաստաբանը:

Սարգսյանը նաև ասաց, որ այս առիթով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին: Փաստաբանը վստահ է՝ այս գործի նկատմամբ ակնհայտ խտրականություն է ցուցաբերվում: 

Սաթենիկ Հակոբյան