26 սեպտեմբեր, 2020 14:11

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ՝ բաժնում երկու քաղաքացու խոշտանգելու գործով

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանական բաժնում քաղաքացու խոշտանգման դեպքով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ։ ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:   

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:  

#ՍիվիլՆեթ #Լուրեր