28 սեպտեմբեր, 2020 16:23

Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել դադարեցնել բախումները

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններին։ 

ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մասնավորապես նշել է․ «Վերջին օրերին ականատես եղանք երկրի հյուսիսային սահմանին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցած ցավալի իրադարձություններին։ Տարածաշրջանն այլևս չի կարող հանդուրժել այս բռնությունը։ Մենք Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերներին անմիջապես կոչ ենք արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել»։

IRNA լրատվականի փոխանցմամբ` Խաթիբզադեն նաև նշել է, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել և անհապաղ հրադադարն ու երկկողմանի բանակցությունները խնդրի լուծման միակ տարբերակն են։ 

«Իրանի քաղաքականությունը հիմնված է օգնության և կողմերի միջև բանակցությունների դյուրացման վրա։ Ռազմական լուծումը երկարատև ռազմավարություն չէ այս հակամարտության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանն այս ուղղությամբ օգտագործում է իր բոլոր կարողությունները։

Խոսնակի փոխանցմամբ՝ «Իրանն ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և գտնվում է մշտական կապի մեջ հակամարտության կողմերի հետ»։

Հասմիկ Հովհաննիսյան