5 հոկտեմբեր, 2020 11:56

Իրանի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Իրանի Մեջլիսի մի խումբ անդամներ հոկտեմբերի 4-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման: Այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյը հայտնել է, որ հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ իրանական շրջան:

Ըստ Ամուեյի՝ այցի նպատակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումն էր։ 

Նշվում է, որ սեպտեմբերի 27-ից ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր քվելի քան 20 արկեր են է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ասլանդոզ շրջանում:

Թեհրանը նշել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել Է իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին, նշում է Mehr-ը:

Հայտարարելով, որ Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա անթույլատրելի է, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, նախազգուշացրել է ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկու երկրներին՝ այդ հարցում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, հավելում է պարբերականը: