5 հոկտեմբեր, 2020 13:20

Ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Վերանայվել են մինչև տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,-ասաց նախարարը:

2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց:

Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաև հարկային եկամուտները: 2020 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ: «Պարզ է նաև, որ մենք իրականացնելու ենք որոշակի ծախսեր, դրանց չափի վերաբերյալ նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է»,-ասաց նախարարը:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից:

Եկամուտների և ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: «Այսպիսի դեֆիցիտը, ենթադրվում է, որ կսպասարկվի ամբողջությամբ պարտք ներգրավելու հաշվին, այլընտրանք չկա: Մյուս կողմից ենթադրվում է, որ այս պարտքի ներգրավումը չի կարող չհանգեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցության զգալի փոփոխության»,-ասաց Ջանջուղազյանը:

2020 թվականի համար գնահատվում է, որ  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60% սահմանային շեմը:

Այս կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: