5 հոկտեմբեր, 2020 16:19

Սա մեր կարմիր գիծն է․ մեր սահմանները չպետք է ենթարկվեն հարձակումների՝ անգամ ոչ կանխամտածված կերպով․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու սահմանին ընթացող իրադարձություններին։ 

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին ընթացող պատերազմական գործողություններին։ Նշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության  և գրավյալ տարածքներից ուժերի դուրս բերման կարևորությունը՝  շեշտում ենք, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել քաղաքական երկխոսություն»,- ասել է խոսնակը։

Անդրադառնալով հակամարտության դադարեցմանն ուղղված Իրանի մշակած ծրագրին՝ Խաթիբզադեն հստակեցրել է, որ այն իրականացվելու է խնդրի երկու կողմերի՝ այսինքն Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների և Իրանի հետ բանակցությունների միջոցով։

Նա նաև հավելել է, որ Իրանն իր սահմաններին բախումներ չի հանդուրժի։

«Սա մեր կարմիր գիծն է․ մեր սահմանները չպետք է ենթարկվեն հարձակումների՝ անգամ ոչ կանխամտածված կերպով»,- ասել է խոսնակը։

«Իրանը երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունեցող երկրներից է։ Մենք այս տեսանկյունից փորձել ենք կապի մեջ լինել թե՛ Բաքվի, թե՛ Երևանի և թե՛ տարածաշրջանային մյուս դերակատարների հետ։ Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ կկարողանանք վերջ դնել պատերազմին»,- ասել է նա։

Սաիդ Խաթիբզադեն կարևորել է նաև քաղաքացիական անձանց վրա հարձակումներ չիրականացնելը։  «Մենք հայտարարել ենք, որ կողմերից մեկի՝ այդ սկզբունքին չհետևելը մեզ համար անընդունելի է։ Բոլորը պետք է նպաստեն հակամարտությունը մարելուն»,- նշել է նա։

Անդրադառնալով իշխող վերնախավի, ինչպես օրինակ, ուրբաթօրյա իմամների հայտարարություններին, Խաթիբզադեն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության  տեսակետներն արտահայտում է արտաքին գործերի նախարարությունը, և իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հստակ է։

Հասմիկ Հովհաննիսյան

Լուսանկարում՝

Իրանցիները դիտում են սահմանից այն կողմ ծավալվող ռազմական գործողություններին