6 հոկտեմբեր, 2020 21:48

Իրանը դիմում է որոշակի քայլերի, որոնք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական սահմանի շփման գծում մարտերը ինտենսիվացել են։ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նա շեշտեց՝ մեր զորքերը միայն պաշտպանողական մարտեր չէ, որ վարում են.«Այլ զորաշարժեր էլ կան, որոնց արդյունքները այս պահին չենք արձանագրում»,- նշեց նա։ Ամփոփելով անցնող 1-1,5 օրվա հակառակորդի կորուստները՝ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ դրանք կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ ու 2 ԱԹՍ։ 

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերին այն մասին, որ եթե իրենց տարածքում նոր ռումբեր հայտնվեն, կդիմեն կոշտ քայլերի, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի ռազմական ու քաղաքական հայտարարություններն այդ մասին, բացի այդ տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, որոնք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,-ասաց նա։ 

ՊՆ ներկայացուցիչը նաև վստահեցրեց՝ հայկական կողմը ամեն օր խոցում է հակառակորդի ռազմական օբյեկտներ, որոնց մասին տեղեկություններ ներկայում չեն կարող տրամադրել։