6 հոկտեմբեր, 2020 13:01

Միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լարված այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սպառնալիք ստեղծելով հայ ժողովրդի գոյության համար իր պատմական հողերում։ Այդ կապակցությամբ, վստահ եմ, որ եթե ինչ-որ երկիր և իրավունք ունի եւ կարող է միջամտել իրադրությանը, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հրադադարի հարցում շահագրգիռ կողմերը պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը․

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է»,- ասել է նա: «Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ընդունակ անել այն հնարավորը, որը կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար»։

«Կարելի է որքան ասես երկար պահպանել պատրանքներն այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղյան հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա հասկանան նրանք, ովքեր շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձեւաչափին»,- ասել է Կարապետյանը։

«Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Ռուսաստանն ու Հայաստանն առանձնանում են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների դաշնակցային բնույթով։ Հավատում եմ, որ ժամանակի փորձությունն անցած այդ սերտ հարաբերություններն այսուհետ ևս կրելու են դաշնակցային և ռազմավարական բնույթ»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը։

Սամվել Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է», որը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը․ «Վերջին օրերը լցված են ցավով և տագնապով ողջ հայ ժողովրդի համար, որը կրկին, ինչպես և 1915-ին, վտանգի առջև է և ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Արցախը մեծ խիզախությամբ է պաշտպանում իր դիրքերը սեփական հերոս որդիների կյանքի գնով։ Ամեն օր ավելի ու ավելի քիչ է մնում կասկածը, որ այս օրերին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները առանձին լոկալ հակամարտություն չեն։ Մեր աչքի առաջ վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է բռնկվել, որի կայծերը կարող են ավելի հեռուն գնալ տարածաշրջանում և հանգեցնել ավելի մասշտաբային հետեւանքների»,- ասել է նա։