13 հոկտեմբեր, 2020 14:45

Արցախի ապագան՝ անջատում հանուն փրկության

Ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, որոնցից և ոչ մեկը իրականություն չի դարձել կողմերից մեկի, մյուսի կամ երրորդի մերժման պատճառով:

1988-ին հայերի ցանկությունն էր ԼՂԻՄ-ի դուրս բերումը Խորհրդային Ադրբեջանի կազմից և միացումը Խորհրդային Հայաստանին: Այդ ցանկությունը մերժեցին և՛ Մոսկվան, և՛ Բաքուն: Որպես այլընտրանք՝ Կրեմլը առաջարկեց ԼՂԻՄ-ին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ: Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի կոմունիստական իշխանությունները, մասնավորապես, Սուրեն Հարությունյանն ու Հենրիխ Պողոսյանը հարցազրույցներում ակնարկում էին, որ դա կարող է լինել միջանկյալ լուծում:

1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ու ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ նիստում ԼՂԻՄ-ը ճանաչեցին միացված Խորհրդային Հայաստանին: Սա պատասխան քայլ էր Խորհրդային Ադրբեջանին, որը վերացրեց ԼՂԻՄ-ը որպես վարչատարածքային միավոր, մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Ստեփանակերտը, վերանվանեց ադրբեջանական անուններով:

Մոտ 1 000 օր տևած 1991-1994 թթ․պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը 1997-ի կեսերին ներկայացրեց կարգավորման փաթեթային տարբերակ, որը Արցախին տալիս էր լայն ինքնավարություն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս տարբերակը կազմված էր երկու հիմնական մասից՝ Արցախի կարգավիճակ և պատերազմի հետևանքների վերացում: Ստեփանակերտը մերժեց այն:

Նույն տարվա վերջերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փուլային տարբերակ: Այն կազմված էր մեկ մասից՝ պատերազմի հետևանքների վերացում, իսկ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային: Երևանը վերապահումներով կողմ էր այս տարբերակին, Բաքուն՝ նույնպես, մինչդեռ Ստեփանակերտը մերժեց այն:

Մեկ տարի անց՝ 1998-ին, Մինսկի խումբը ներկայացրեց Ընդհանուր պետության տարբերակը, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովն էր: Այս տարբերակով փորձ էր արվում համատեղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: Արցախը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում անվան տակ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Երևանն ու Ստեփանակերտը վերապահումներով ընդունեցին առաջարկը, Բաքուն՝ մերժեց:

Համանախագահները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, մոտ երկու տարի աշխատանքներ տարան կարգավորման նոր առաջարկի՝ տարածքների փոխանակման շուրջ, որը փաստաթղթային` non-paper տեսք ստացավ 2001-ին Քի Վեսթում: Բաքուն կրկին մերժեց:

2004-ին սկիզբ դրվեց Պրահյան կոչվող գործընթացին, որի տրամաբանությունը հետաձգված հանրաքվեի տարբերակն էր: 2007-ին այն փաստաթղթային ձևակերպում ստացավ և ներկայացվեց Մադրիդի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում: Կարգավորման որևէ առաջարկություն այնքան երկար չի եղել բանակցային սեղանին, որքան Մադրիդյան տարբերակն ու նրանից ածանցյալ առաջարկները: Կողմերից մեկը կամ մյուսը մերժել են ներկայացված սևագիրը՝ draft-ը:

Անկասկած, երկարատև, կայուն խաղաղության համար չափազանց կարևոր է բանակցված լուծումը, այն է՝ կարգավորման մի փաթեթ, որը ընդունելի և փոխզիջումային կլինի, որի տակ ստորագրություն կդնեն հակամարտության երեք կողմերը՝ Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն:

Կյանքը, ավելի ճիշտ 1991-1994, ապա 2016-ի ու 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմները ցույց են տալիս, որ Բաքուն բացառապես ռազմական լուծում է փնտրում կամ խաղաղ լուծում՝ պայմանով, որ ստանա ամեն ինչ, այն է՝ վերադարձ 1988-ի կարգավիճակին՝ status quo ante:

Հաջորդ ցեղասպանությունը կարող էր և կարող է տեղի ունենալ Արցախում, եթե Հայաստանը չկանգներ Արցախի թիկունքին:

Այս պայմաններում, երբ Ադրբեջանը չի թաքցնում Թուրքիայի աջակցությամբ մշակվող իր հրեշավոր ծրագրերը, այլ բան չի մնում, քանի առաջնորդվել անջատում՝ հանուն փրկության սկբունքով, որը միջազգայնորեն հայտնի է remedial secession անունով:

Հայաստանի նախորդ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Գործող իշխանությունները, թվում է, պատրաստվում են այդ քայլին: Խաղաղ պայմաններում դա կդիտվեր միակողմանի քայլ: Ավելին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանաբար կդատապարտեր Երևանի այդ քայլը: Այսօր, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը միջազգային հանրությունը այլ կերպ կընդունի:

Շատ կարևոր է ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի, այլ կարևոր, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրների կողմից Արցախի ճանաչումը: Կոսովոյի օրինակը կարող է կիրառվել նաև Արցախի դեպքում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: