15 հոկտեմբեր, 2020 13:43

Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորսված է, կյանքը կարող է մեզ անակնկալ պարգևել

Երեկվանից եղբորիցս հեռախոսազանգ չկար: Հայրիկը փորձում էր կապվել նրա հետ ամեն ձև, չէր ստացվում։ Տասը րոպեն մեկ զանգում էր ինձ․ «Հը՞ն, զանգե՞ց, ո՞չ․․․ Ինձ էլ չի զանգել։ Մտածեցի՝ միգուցե դու կարողացար հետը խոսես։ Լավ։ Եթե տեղեկություն ունենաս անպայման զանգիր, սպասում եմ»: Ամեն տասը րոպեն մեկ: Անբացատրելի վախ էր, սարսափելի է այդ լռության մեջ մտածել նրա չզանգելու հնարավոր պատճառների մասին։ Ախր նա գիտի, որ կյանքը կանգնում է, երբ իրենից լուր չենք ունենում․․․

Մայրս, հայրս ու ես հնարավորություն ունեցանք այսօր մեկ ժամով այցելելու մեր տուն: Մայրիկը սկսեց կարտոֆիլ տապակել («ժարիտ արած կարտոշկա»՝ ինչպես այստեղ ենք ասում), հայրիկը հեռուստացույցով դիտում էր Հարությունյանի և Փաշինյանի հայտարարությունները, իսկ ես գնացի իմ սենյակ: Նայեցի շուրջս և մտածեցի. «Ի՞նչն է այս սենյակում այն յուրահատուկը, առանց որի չեմ կարողանա ապրել։ Եթե վաղը իմ տունն անհետանա, ապա ամենաշատը ինչի՞ն կկարոտեմ: Գուցե իմ սիրելի «Ֆարենհեյտի 451 աստիճա՞նը», թե՞ ակրիլային ներկերս, կամ, գուցե, լուսանկարչական ալբո՞մ։ Օ՜, ահա և իմ սիրած զգեստը։ Չէ, մի րոպե, գուցե իմ հարազատ Վյուրզբուրգից բերած ականջօղերը կամ մայրիկի շարֆը, քրոջս սիրած բաճկոնը․․․ Այդպես էլ չկարողացա կողմնորոշվել ու որոշում կայացնել․․․

Ի վերջո, որոշեցի ոչինչ չվերցնել: Քանի որ դա կնշանակեր, որ կա այդպիսի հնարավոր տարբերակ (որն իրականում կա), որ ես կարող եմ կորցնել իմ հարազատ տունը․․․

Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում տուն ենք կառուցում, ինչ-որ բաներ ենք փոխում, ավելացնում, կատարելագործում․․․ Եվ դա կորցնել վայրկյանների ընթացքում, հայտնվել առանց քո սեփական օջախի, այս մեծ ու օտար աշխարհում մնալ առանց քո գողտրիկ անկյան, կարող է սիրտդ կոտրել․․․  Իսկ ես պատրաստ չեմ համակերպվել դրա հետ: Այնպես որ, ոչինչ չվերցրեցի: Իսկ եթե վերցնել, ապա ամեն ինչ․․․

Եվ գիտե՞ք ինչ: Հեռախոսը զանգեց: Այո, ինքն էր, եղբայրս էր․․․ Հուզմունքս չզսպեցի, բարձրաձայն սկսեցի գոռալով, ծիծաղելով, լացելով խոսել։ Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է (միշտ էլ այդպես են ասում): Մի քանի ամիս առաջ ես նրան որոշ գումար պարտքով տվեցի՝ իր կրթության համար: Մենք շատ մտերիմ ենք։ Եվ այսօր ես նրան ասացի. «Գիտե՞ս ինչ. ես ջնջել եմ քո պարտքը։ Դու միայն անվտանգ ու արագ վերադարձիր»։ Սկսեց ծիծաղել․ «Օ՜, իրո՞ք: Եթե իմանայի, ավելին կվերցնեի»․․․ 7 րոպե ծիծաղեցինք․․․

Հետո հայրիկիս խնդրեցի ինձ տանել մեր գրասենյակ: Սեպտեմբերի 22-ին իմ օպերատորի ծննդյան օրն էր: Ձուկ նվիրեցի նրան։ Ուզում էի, որ ձկները կիսեն մեզ հետ մեր աշխատասենյակը։ Երբ պատերազմը սկսվեց, մենք ռմբակոծության տակ դեռ գնում էինք այնտեղ՝ նրանց կերակրելու համար: Բայց երբ նա մեկնեց առաջնագիծ, այլևս հնարավորություն չունեի մտնելու գրասենյակ (քաղաքը մեծ ռմբակոծության էր ենթարկվել, իսկ ես մենակ էի)։ Կարծում էի՝ ձկները այլևս չկան: Շատ ցավալի էր այդ միտքը․․․ 

Այսպիսով, ես մտա գրասենյակ, մոտեցա ակվարիումին: Ձկներն այնտեղ էին՝ անշարժ։ Մտքումս անընդհատ կրկնում էի. «Կենդանի եղեք, խնդրում եմ, կենդանի եղեք»․․․ Նրանք տեղից չշարժվեցին: Եվ ես մտածեցի. դե՜, այսքան օր՝ առանց սննդի: Ինչպե՞ս ես կապրեմ այսպիսի մեղքի զգացումով․․․ Ախր, նրանք միայն վերջերս դարձան մեր գրասենյակի՝ մեր երկրորդ տան անդամները: Նստեցի նրանց մոտ, գրեթե արտասվում էի, ու հանկարծ տեսա, որ մեկը շարժվեց, ապա՝ մյուսը։ Իսկույն տեղից վեր թռա, գրկեցի ակվարիումը, ուրախությունից գլուխս պտտվում էր․․․ Արագորեն կերակուր լցրեցի ու սկսեցի աղերսել, որ նկատեն այն ու շուտ ուտեն։ Նկատեցին, կերան․․․ 

Որոշեցի նրանց մենակ չթողնել, բերեցի հետս ապաստարան։ Հիմա նրանք կիսում են իմ հետ ապաստարանս, մինչև իրենց տերը կվերադառնա։ Փոխեցի ջուրը, էլի կեր ավելացրեցի և ամեն հինգ րոպեն մեկ ստուգում եմ։ 

Այս ձկան պատմությունն այսօր իսկական նշան է ինձ համար, որ մենք չպետք է հուսահատվենք: Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, որ ամեն ինչ կորսված է, կյանքը կարող է մեզ անակնկալ պարգևել և նորից ապրելու համար ուժ տալ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: