16 հոկտեմբեր, 2020 18:43

Իրական միասնութուն և ոչ մեղավորների փնտրտուք

Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս պարտադրված պատերազմը Հայաստանին և հայ ժողովրդին այլընտրանք չի թողնում, քան համախմբվել և նայել մեկ ուղղությամբ: Միասնությունը բառ չէ, այլ գործողություն:

1992-ի ամռանը, երբ ադրբեջանական ուժերը գրավել էին Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը Մարտակերտ քաղաքով, կամ այն օրվա Արցախի տարածքի 40 տոկոսը, ապա Արծվաշենը, հայ հանրության շրջանում տիրում էր հուսալքության և խուճապի տրամադրություն: Մի քանի շաբաթների ընթացքում շուրջ 40 հազար հայեր տեղահան արվեցին:

Դա Հայաստանի անկախության 30 տարիների պատմության ամենաօրհասական ժամանակն էր: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հաջողվեց բեկում մտցնել և անհաջողությունների անիվը շրջել ռազմական հաջողությունների:

Այդ օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց ճշգրիտ քայլ՝ ընդդիմության առաջնորդ և քաղաքական պայքարի իր նախկին գործընկեր Վազգեն Մանուկյանին վստահեց պաշտպանության նախարարությունը: Հետագայում Վազգեն Մանուկյանը կրկին դարձավ ընդդիմության առաջնորդ:

Այսօր, երբ Հայաստանը կրկին հայտնվել է ռազմաքաղաքական բարդ իրավիճակում և որոշ տարածքներ է կորցրել Արցախի հարավում և հյուսիսում, անհրաժեշտ է ներքաղաքական միասնություն: Իրական միասնություն է պետք և ոչ թե խոսքեր: Ավելին, պետք է վերջ տալ մեղավորներ փնտրել ու հատկապես հիշեցնել Լավրովյան, Կազանյան կամ Մադրիդյան առաջարկները: Հետո, երբ գան խաղաղ ժամանակներ, կհիշեցնենք ամեն Աստծո օր:

Այս դժվար պահին պետք է օգտագործել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի, նախկին բոլոր արտգործնախարարների, վարչապետների, նախագահների, գործարարների, դեսպանների, նախկին զինվորականների հավաքական ուժն ու կարողությունը՝ հանուն հայրենիքի:

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայերի մի ստվար հատված՝ Հայաստանում և Սփյուռքում, լավ չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը: Թվում է՝ նրանք շարունակում են ապրել Ֆեյսբուքում, որտեղ չկան տարածքային կորուստներ, հարյուրավոր զոհեր, և որտեղ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական շունչը չի զգացվում:

Հաղթանակի համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է համազգային միասնություն, որտեղ չկան նախկիններ, ներկաներ, հեղափոխականներ, հակահեղափոխականներ, կուսակցականներ… Մենք բոլորս մի նավի մեջ ենք, որն ընկել է ալեկոծության մեջ: Մենք բոլորով միայն կարող ենք հաղթահարել ալեկոծությունը և գտնել ցամաքի փրկության ափը: Հենց որ հասանք ափին, կդնենք մեր համապատասխան գլխարկները՝ նախկիններ, ներկաներ, հեղափոխականներ, հակահեղափոխականներ, կուսակցականներ… և կշարունակենք բզկտել միմյանց:

Հիմա մանր խնդիրների և քեն պահելու ժամանակը չէ:

Երկրորդ, մենք ճակատում կարող ենք կանգնեցնել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական գրոհը և Իլհամ Ալիևի անզուսպ կեցվածքը, եթե բանակը զգա մեր անկոտրում միասնությունը:

Երրորդ, լինեն նախկին կամ ներկա դիվանագետներ, վարչապետներ, արտգործնախարարներ, պետք է ամեն մեկը աշխատի այն մայրաքաղաքում, որտեղ կարող է բան փոխել: Այս պահին դիվանագիտական տորնադո է պետք: Պետք է դուրս գալ Ֆեյսբուքից և ծեծել տարբեր մայրաքաղաքների դռները:

Չորրորդ, չպետք է բավարարվել տարբեր քաղաքների և երկրների՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս ագրեսիան դատապարտելու կոչերով հանգստանալ: Հիմա ճիշտ ժամանակն է, որ սփյուռքը դիմի աննախադեպ, անակնկալ գործողությունների:

Իրավիճակի լրջությունը մեզ ստիպում է մոռանալ նախկին դավերն ու միմյանց պատճառված ցավերը: Պետք է կարմիր գիծ քաշել, բոլոր ուժերը դնել մեկ ուղղությամբ և հաղթահարել մեզ պարտադրված այս պատերազմը:

Հաղթելու ենք:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: