17 հոկտեմբեր, 2020 18:53

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին քննարկվել է արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը. այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից։  

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։

«Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության»,- իր ելույթում ասել է Պապիկյանը։

Ամփոփելով՝ դեսպան Արմեն Պապիկյանն ասել է, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։