17 հոկտեմբեր, 2020 18:08

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներն այցելել են վիրավորված երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ․ այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական էջից։

«Այդ պահին հիվանդանոցում գտնվող Նարեկը պատմել է, թե ինչից և ինչպես է վիրավորվել: Նաև պատմել է, որ շատ է սիրում մաթեմատիկա և շախմատ։ Ապաքինվելուց հետո, պայմանավորվել ենք հանդիպել և միասին շախմատ խաղալ: Նարեկին ընկերակցում էր Ռուբենը, որը, ցավոք, վնասվածքների պատճառով նոր է վերսկսում խոսել: Նրա վիրավորվելու մասին մեզ պատմեց մայրիկը: Իմացանք նաև, որ Ռուբենը շատ հետաքրքրություններ ունի, ֆուտբոլի մեծ սիրահար է և չի պատրաստվում հրաժարվել իր սիրած խաղից։ Այցելել ենք նաև երկու տարեկան Արծվիկին: Նրան խնամում է մայրիկը: Բուժանձնակազմի հետ քննարկել ենք փոքրիկի ապաքինման ընթացքը», - ասվում է հրապարակման մեջ:

Գրառման մեջ նաև նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր այն երեխաների հետ է, ովքեր տուժել են այս հակամարտությունից։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի: Ինչպես միշտ, համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում»։

Հոկտեմբերի 16-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու միջազգային կառույցի պասիվ կեցվածքի վերաբերյալ։

Դիտե՛ք ՍիվիլՆեթի տեսանյութը։