18 հոկտեմբեր, 2020 22:40

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը․ այս մասին այսօր հայկական միասնական տեղակատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով»,- ասել է նա:

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել:

«Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

«Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում։ Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ։ Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում, կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու», - ասել է ՊՆ ներկայացուցիչը: 

Նրա խոսքով՝ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը: 

«Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում»,- ասել է Հովհաննիսյանը։

Ասուլիսին խոսել է նաև Արկադի Անդրեասյանը, որը 2015-ին չի ավարտել ծառայությունը, քանի որ ստացել է  ականապայթյունային վիրավորում։

«Այս պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության իմ զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր երեխաներին։ Առաջնագծում տղաները բոլորը մարտական են տրամադրված, բոլորի սրտում, հոգում, մտքում միայն մի նպատակ կա՝ հաղթանակ։ Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը, մենք ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան»,- ասել է Անդրեասյանը։

Սաթենիկ Հակոբյան