18 հոկտեմբեր, 2020 20:46

Բունդեսթագի պատգամավորն աշխարհի խորհրդարաններին կոչ է անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն մարդկության դեմ հանցագործություն է համարում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը: Այս մասին պատգամավորն ասաց Ստեփանակերտում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը:

Շտեֆեն Կոտրեն նշեց, որ իրենք աշխարհի խորհրդարաններին կոչ են անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների:

«Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա: Խաղաղություն սիրող յուրաքանչյուր կազմակերպություն հիմա պետք է ձայն բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք գործել խաղաղության համար»,- նշեց Կոտրեն: