18 հոկտեմբեր, 2020 23:19

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, իսկ Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայել իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը․ այս մասին տեղեկանում ենք Հայաստանի և Արցախի արտգործնախարարություններից։

Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդում հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի  դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկությամբ։  

Հայտարարությունում նշվում է, որ այս պատերազմը բռնկվել է Թուրքիայի աջակցությամբ, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել օսմանյան թուրքերի պատասխանատվությունը 1915 և 1916 թվականներին իրականացված ցեղասպանության հարցում: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի՝ Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններն են տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու մարտերին և մահ սերմանելու Լեռնային Ղարաբաղում։

«Խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից:

Հաշվի առնելով, որ այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած Ադրբեջանի նկատմամբ, որի թիրախը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչությունն է,
 
հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմատենչ դիրքորոշումները՝ ի աջակցություն Ադրբեջանի, և սիրիական վարձկանների տեղափոխումը անընդունելի են ու պարունակում են տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ,

հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակիչներ, մասնավորապես՝ Ստեփանակերտում, ռազմական գործողությունների պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը, և առկա է մարտերն անհապաղ դադարեցնելու մարդասիրական անհրաժեշտություն,
 
հաշվի առնելով, որ ռուսական դիվանագիտության նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, որը հոկտեմբերի 10-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից, չի հարգվել,
 
Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որպեսզի ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը. 
 
Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»,- ասված է հայտարարությունում։