27 հոկտեմբեր, 2020 15:55

Իրանի ԱԳ փոխնախարարը կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ փորձելով առաջ մղել Իրանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում․ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։ 

Հոկտեմբերի 27-ին՝ ավելի վաղ, Էրաղչին այցելել է Իրանի սահմանային շրջաններ։  Այցի ընթացքում Էրաղչին  հայտարարել է, որ  Իրանի համար իր սահմանային շրջանների, ամբարտակների և բնակավայրերի անվտանգությունը շատ կարևոր է և համարվում է Թեհրանի կարմիր գիծը․ ղարաբաղյան հակամարտության հետևանքով դրանց անվտանգությունը  չպետք է խաթարվի:

Երեկ, ըստ Pars Today-ի, Իրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում,  Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը նույնպես հայտարարել էր. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում  աշխարհաքաղաքական  որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է»: