3 նոյեմբեր, 2020 12:42

Պարգևավճարներ՝ 2021-ի բյուջեի նախագծում․ ի՞նչ թվեր են իրականում նախատեսված

Պետական կառավարման համակարգում պարգևավճարները չեն աճել 21 տոկոսով, ընդհանուր վարձատրության ծավալը ավելացել է 2,8 տոկոսով․ այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ «Այն ընտրված է որպես միջանկյալ լուծում, քանի դեռ պետական համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, խոսքը աշխատանքի ծանրաբեռնվածության մասին է»,- ասել է նախարարը:

Նախարարը, ներկայացնելով 2021-ի պետական բյուջեի նախագիծը, խոսել էր պետական համակարգում պարգևավճարների մասին, որը նախօրեին հանրային լայն արձագանք էր ստացել:

Հոկտեմբերի 2-ին նույն հանձնաժողովի նիստի ժամանակ, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց էր բարձրացրել առ այն, որ 2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18,825 մլրդ դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Նա մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք նոր իրողություններով պայմանավորված՝ նախատեսվում է կրճատել պարգևավճարների համար հատկացված գումարը:

Հարցին ի պատասխան նախարար Ջանջուղազյանն ասել է, որ լուծումը միջանկյալ է այնքան ժամանակ, քանի դեռ «պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին»:

Նախարարի հայտարարությունը լայն հանրային արձագանք է ստացել: Համացանցում բազմաթիվ են քննադատատական հայտարարություններն այն մասին, որ պատերազմի պայմաններում տեղին չէ խոսել պարգևավճարի մասին, անգամ եթե պաշտոնյաների մի մասն այն օգտագործում է բարեգործական նպատակներով:

Շատերն անգամ ուշադրություն չեն դարձնում պաշտոնյաների բացատարություններին, որ 2021-ի բյուջեի նախագիծը մշակվել է մինչև ռազմական դրություն հայտարարելը, և այնտեղ հաշվի առնված չեն այն անորոշությունները, ռիսկերը, որոնք ի հայտ են եկել այսօր:

Պարևվավճարների թեման ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում բարձրացրեց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նկատելով, որ 2021-ի պետական բյուջեի նախագծով չկա 21 տոկոս պարգևավճարների բարձրացում։ «Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված են նաև պարգևավճարները) 2021-ին աճել է 2,8 տոկոսով։ Մասնավորապես 2020-ին հաստատվել է 87,3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021-ի նախագծով նախատեսվում է 89,7 մլրդ դրամ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցն ուղղելիս պետք է այն համատեքստից չկտրել և ընդհանուր պատկերը ներկայացնել։

«Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ»,- ասել է Ջանջուղազյանը ու հավելել, որ հարցը պետք է դիտարկել աշխատաշուկայի պահանջների շրջանակում։ 

«Եթե մենք խնդիր ենք դնում որակյալ ծառայություններ մատուցել, ապա դա հնարավոր է միայն արդյունավետ կառավարման համակարգ ունենալու պայմաններում»,- ասել է նա:

Նախարարը հաստատել է պատգամավոր Արտակ Մանուկյանի նշած 2,8 տոկոս վարձատրության ծավալի աճի մասին պնդումը՝ նկատելով, որ խոսքը աշխատվարձի ֆոնդի բնականոն, ոչ թե թռիչքային աճի մասին է: 

«Օրինակ, եթե որևէ նոր հաստիք է առաջացել, ապա այն պետք է հաշվարկվեր, կամ եթե հաստիք է փոխվել, այն ևս պետք է վարձատրության համակարգում հաշվի առնվի»,- պարզաբանել է նախարարը:

Լուսինե Վարդանյան